Ընտանեկան բռնությունը միտումնավոր արարքների մի ամբողջ շղթա է, որով ընտանիքի մի անդամը մյուսի հանդեպ վերահսկողություն հաստատելու նպատակով հարկադրում է նրան կատարել իր ցանկությունները և թելադրում է նրան իր կամքը: Սակայն սոցիալական հետազոտություններից ու մեր կյանքի իրողություններից գիտենք, որ ընտանեկան բռնությունները չափազանց տարածված են` դրանք անտեսելու համար:
Այդ մարդիկ կարող են լինել ամուսնացած, ամուսնալուծված կամ կարող են ամուսիններ չլինել, կարող են ապրել համատեղ կամ պարզապես հանդիպել: Այն կարող է կատարվել մշտապես կամ ժամանակ առ ժամանակ: Ցանկացած մարդ կարող է ընտանեկան բռնության զոհ լինել անկախ ռասսայից, սեռից, տարիքից և կրոնից:
ՀՀ-ում ընտանեկան բռնության հիմնականում ենթարկվում են կանայք և երեխաները, և հատկապես գյուղական համայնքներում: Ընդհանրապես բռնությունն ընտանիքում պայմանավորված է մի շարք հանգամանքներով' սոցիալական, հոգեբանական, տնտեսական, կրթադաստիարակչական և այլն:
Հաճախ տղամարդիկ բռնության են դիմում սոցիալական պայմանների, նյարդահոգեբանական անհավասարակշիռ վիճակի, ալկոհոլի չարաշահման կամ թմրանյութերի ազդեցության հետևանքով'ցանկանալով ցույց տալ իրենց գերիշխող դիրքն ընտանիքում կամ այդ կերպ արտահայտելով կամ դուրս հանելով իրենց մեջ կուտակված ագրեսիան ու բացասական էներգիան, ոմանց էլ պարբերաբար բռնություն գործադրելն ուղղակի հաճույք է պատճառում: Սակայն այն ընտանիքներում, որտեղ կողմերն օժտված են առավել բարձր ինտելեկտով, բռնությունն իսպառ բացակայում է կամ կարող է կրել զուտ դաստիարակչական բնույթ, իսկ խնդիրներն լուծվում են կողմերի փոխըմբռնումով ու փոխգործակցությամբ:
ՀՀ-ում ընտանիքների մեծամասնությունում տիրում են ազգային, ավանդական, սովորութային նորմեր, և այդ պատճառով բռնության ենթարկված շատ կանայք գերադասում են լռել և պարբերաբար ենթարկվում են բռնության կամ կրում են դրա հետևանքները, ինչը երբեմն կարող է հանգեցնել առողջական և հոգեկան խանգարումների: Ուստի ընտանեկան բռնությունները դադարեցնելու առաջին քայլը դրա մասին բարձրաձայնելն է և սեփական իրավունքները պաշտպանելը: Իսկ հասարակությունը պարտավոր է բռնության ենթարկված անձանց բարոյական և հոգեբանական օգնություն ցույց տալ, ամեն ինչ անել ընտանիքներում դրանք կանխարգելելու ուղղությամբ, այլ ոչ թե քննադատել և մեկուսացնել տուժածներին: