Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության կողմից ուսումնասիրության արդյունքում որոշ բուհեր դադարեցրել են իրենց գործունեությունը, սակայն նրանց ամբողջական ցանկը կհրապարակի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Այս մասին Tert.am-ին ասաց Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության դիտարկումների և վերլուծության բաժնի պետ Անահիտ Բարսեղյանը՝ հիշատակելով միայն Հրաչյա Աճառյան համալսարանի անունը, որին մասին մամուլով գրվել էր:
«Հրաչյա Աճառյանը փաստացի դադարեցրել էր գործունեությունը, սակայն զուտ իրավական մասով չէր հանձնել փաստաթղթերը: Նշեմ, որ ուսումնասիրությունների ընթացքը ավարտված չէ, այն շարունակական բնույթ է կրում»,- ասաց Անահիտ Բարսեղյանը:
ԿԳՆ ներկայացուցչի խոսքով՝ բուհերում անցկացվող ուսումնասիրությունները պարբերական բնույթ են կրում և պայմանավորված չեն շրջանառվող խոսակցությունների հետ, որ բուհերի ուսման վարձերի թանկացումից հետո նախարարությունը լայնածավալ ստուգումներ է սկսել բուհերում:
Ըստ Անահիտ Բարսեղյանի՝ ԿԳՆ-ն հիմնականում ուսումնասիրություններ է կատարում լիցենզիայի պահանջի հետ կապված, որը ներառում է տարածքի, շենքի, մանկավարժական կազմի, ուսումնամեթոդական հագեցվածություն, պրակտիկայի պայմանագրերին առնչվող խնդիրներ:
Ի պատասխան հարցի, թե մի շարք մասնավոր ավագ դպրոցներ հայտարարում են, որ այս կամ այն դասարանում դասավանդում են այսինչ համալսարանի ծրագրով և այլն, Անահիտ Բարսեղյանը նշեց. «Ավագ դպրոցում, դասավանդումը կատարվում է «Օրինակելի ուսումնական պլան»-ով, եթե Կրթության ազգային ինստիտուտի կողմից չունեն այլընտրանքային կամ հեղինակային ծրագրով դասավանդելու թույլատվություն»: Իսկ դրանք, ըստ Անահիտ Բարսեղյանի, հաշվված ավագ դպրոցներ են: