Հասարակական վերջին շարժումները Հայաստանում աննախադեպ իրավիճակ են ստեղծել: Մի կողմից ոստիկանությունը համակարգի հիմքերի ամրության նկատառումներով բերման է ենթարկում ակտիվ քաղաքացիների, որոշակի ակտիվ գործողությունների է դիմում, մյուս կողմից զգացվում է ինչ-որ զսպիչ ուժի ազդեցություն, որը թույլ չի տալիս լայնածավալ ռեպրեսիվ գործողություններ իրականացնել ցուցարարների նկատմամբ: Ակնհայտ է, որ իշխություններին դուր չի գալիս ստեղծված իրավիճակը, նրանք ամեն կերպ ձգտում են զսպել քաղաքացիական շարժումների ախորժակը: Ակնհայտ է նաև, որ նույն իշխանության տարբեր օղակների կողմից գոյություն ունի ակնհայտ հրահանգ՝ չթուլացնել հակաիշխանական կրքերը:
Որն է իշխանության երկվության պատճառը: Ըստ էության, «ժառանգորդ» օպերացիայի թևերից մեկը փորձում է օգտագործել քաղաքացիական շարժումների օրեցօր ծավալվող ձնագունդը՝ ընդդեմ առաջին պլան մղված հնարավոր ժառանգորդի: Գաղտնիք չէ, որ իշխանության կուլիսներում արդեն շշուկներ են տարածվում վարչապետ Տիգրան Սարգսյանի հնարավոր նախագահական ամբիցիաների մասին: Վարչապետի քարոզչական խումբը տարբեր տեխնոլոգիաների միջոցով փորձում է Տիգրան Սարգսյանին ներկայացնել որպես նախագահի ժողովրդական, պարզ, հասարակ և միաժամանակ բանիմաց ու քաղաքակիրթ ժառանգորդ: Դեռ նախքան Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը իշխանության տարբեր թևերի միջև գրեթե ակնհայտ, հրապարակային բնույթ կրող անողոք պայքար էր ընթանում: Ակնհայտ է նաև, որ գործող նախագահը բավական բարեհաճ վերաբերմունք ունի վարչապետի նկատմամբ և, ընդհանուր առմամբ, Տիգրան Սարգսյանի նախագահական հավակնությունները զսպող գործողություններ չի իրականացնում:
Բնականաբար, նմանատիպ ամբիցիաներ ունեցող մյուս ուժերը խանդով են վերաբերվում իշխանության ներսում ընթացող նոր գենետիկ կոդի ձևավորմանը: Քաղաքացիական անհնազանդության դրսևորումները պարզապես հրաշալի առիթ են այդ մարդկանց համար՝ կառավարության ղեկավարի հետագա քաղաքական ամբիցիաները չափավորելու նպատակով: Քաղաքացիական անհնազանդության դրսևորումները, լուրջ շարունակություն ստանալու դեպքում, կարող են դառնալ հիմք՝ ներքին իշխանական վերադասավորումների համար՝ ընդհուպ ներիշխանական թավշյա հեղաշրջման տեսքով: Իշխանական ինչ-որ ուժ զսպիչ գործառույթ իրականացնելով ցուցարարներին բռնաճնշումների ենթարկելու առումով՝ ակնհայտորեն փորձում է Հայաստանում ստեղծել հեղափոխական մոտիվացիաներ՝ «ժառանգորդ» օպերացիայում իրենց օգտակար գործողության գործակիցը բարձրացնելու համար:
Շատ կարևոր է, որ քաղաքացիական ակտիվը շարունակի անկախ գործել՝ չդառնալով ներիշխանական դասավորումների թիրախը: Իսկ որ իշխանության ներսում ներիշխանակն հեղաշրջման մոտիվացիայով սերիալային սցենարներ են նախապատրաստում՝ ակնհայտ է...

 

Վարուժան Բաբաջանյան