Սահմանադրական փոփոխություններ անելով չի կարելի փոխել կառավարման մոդելը՝ անցնելով խորհրդարանականի, դա վտանգավոր է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովում «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

 

 

Ի պատասխան հարցի, թե ինչո՞վ է վտանգավոր, որտե՞ղ է տեսնում այդ վտանգը, Գալուստ Սահակյանն ասաց. «Երբ քննարկումները կլինեն, ես կասեմ.. Դե, սրանից ամիսներ առաջ ասացի՝ սահմանադրական բարեփոխումներ, ուզում եք, դա արեք։ Բերեք էդ Րաֆֆի Հովհաննիսյանին էլ դրեք էդ հանձնաժողովի ղեկավար, գնացեք, քննարկեք… »։

 

 

Քիչ անց, սակայն, Գալուստ Սահակյանը ներկայացրեց փաստարկներ, թե ինչու է դեմ. «Մենք ճանապարհ չունեցող պատերազմական երկիր ենք, պատկերացնո՞ւմ եք՝ որևիցե խնդիր լուծելու համար օպերատիվ լուծումներ պետք է գտնվեն, ամեն կուսակցություն իրա թառը վերցրած երգի, իրա մուղամաթը ու ասի լուծումներ»:

 

 

Ըստ Գալուստ Սահակյանի՝ մեկը պետք է երաշխավոր լինի ամեն ինչի համար:
Ըստ «Հանրապետական» խմբակցության ղեկավարի՝ ներկայիս ո՛չ քաղաքական, ո՛չ քաղաքացիական ակտիվությունը չեն կարող բերել իշխանափոխության, քանի որ, ըստ հանրապետականի, դրա պատճառները չկան, և քաղաքական ուժերը ոչ միայն ակտիվ չեն, այլև «զորավոր չեն»։