Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Մարտական պատրաստության ակումբ» նախագծի պաշտոնական բացումը: Ակումբը կազմակերպել են Երիտասարդ առաջնորդների դպրոցը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հայտնում է emedia.am-ը:
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը, ողջունելով ակումբի անդամներին, կարևորեց անվտանգության մշակույթի ձևավորումը։ ՙՄենք հրադադարի պայմաններում գտնվող երկիր ենք, և շատ կարևոր է, որպեսզի հայ մարդը հասկանա իր երկրի իրական սպառնալիքների բնույթը, հասկանա, թե ինչպես պետք է ինքը գործի, ապրի, որպեսզի ակամա չվնասի իր երկրի անվտանգությանը։ Պետք է բանակը, խրամատը, առաջին գիծը ճանաչել, և նման ծրագրերը տալիս են այդ հնարավորությունը՚,- ասաց Դավիթ Ջամալյանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն արդիական համարեց մարտական պատրաստության ակումբի բացումը։ Ըստ Կ. Ավագյանի, այսօր ցանկացած երիտասարդ պետք է տիրապետի առաջին բուժօգնության հմտություններին, պետք է պատրաստ լինի ցանկացած պահի դիմակայել հնարավոր մարտահրավերներին։ Եվ որպես կանոն, նման դպրոց անցած երիտասարդներն ավելի պատրաստված են ու ինքնավստահ։ Կ. Ավագյանը հույս հայտնեց, որ ծրագիրը շարունակական կլինի, և ավելի շատ երիտասարդներ կներգրավվեն մարտական պատրաստության դասընթացներում։
Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար Արտակ Շաքարյանը նշում է, որ յուրաքանչյուր պահի պետք է հոգեբանորեն պատրաստ լինել զենքը վերցնել. ՙԶենք ասելով՝ չենք հասկանում միայն հրազենը, գիտելիքը նույնպես զենք է։ Ժամանակը մեզ երբեմն ստիպում է բռնի ուժով պաշտպանել մեր իրավունքները։ Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, այնպիսի հարևանների կողքին, որ հաճախ ստիպված է լինում վերցնել զենք, ինչը մեզ օգնում է գոյատևել, հաղթել ու ապրել՚։
Մարտական պատրաստության ակումբի ղեկավար Րաֆֆի Գևորգյանը տեղեկացրեց, որ ծրագրին մասնակցում են 18-30 տարեկան երիտասարդներ։ Դիմել են մեծաթիվ երիտասարդներ, սակայն նրանցից ընտրվել են 30 լավագույնները։
Ծրագրում ընդգրկված երիտասարդները հնարավորություն կստանան ծանոթանալ կրակային, մարտավարական պատրաստության, առաջին բուժօգնության հմտություններին, ինչպես նաև՝ զինված ուժերի առօրյային: Պարապմունքները կանցկացվեն պաշտպանության նախարարության հսկողության տակ գտնվող զորավարժարաններում: Դասընթացները ներառելու են նաև տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ դասախոսություններ:
Մարտական պատրաստության ակումբին աջակցում են Մովսես Գորգիսյանի անվան Հայաստանի սթրայքբոլի ֆեդերացիան, Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) և Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիան (ԱՐՄԱԿԱԴ):