Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի բացառել ապագայում երկրի՝ Եվրասիական միությանն անդամակցելու հնարավորությունը, գրում է ИТАР-ТАСС-ը։
Պատասխանելով այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հնչած այն հարցին, թե «Վրաստանի համար հետաքրքիր կլինի՞ Եվրասիական միությանն անդամակցելը»՝ վարչապետը պատասխանել է. «Ես ուսումնասիրում եմ Եվրասիական միության հարցը, այս փուլում մենք ոչ մի դիրքորոշում չունենք։ Եթե հեռանկարում տեսնենք, որ Վրաստանի ռազմավարության համար դա հետաքրքիր կլինի, ինչու ոչ»։
Երկրի նախկին իշխանությունները, մասնավորապես՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հայտարարում էին, որ Վրաստանի համար Եվրոպան այլընտրանք չունի։
«ԵՄ «Արևելյան համագործակցություն» ծրագրի մասնակից երկրների համար Եվրոպան այլընտրանք չունի, Վրաստանի եվրոպական անդամակցությունը՝ նույնպես, Եվրոպական միությունն ապագան է, իսկ Եվրասիական միությունը՝ անցյալ, և հետևաբար, այն իրեն չի արդարացնի»,-ասել էր Սաակաշվիլին։