Մաքսային միության անդամակցույան որոշումն ընդունելիս գիտակցում էինք, որ բազմագործոն երեւույթ է: Այսինքն կլինեն գործոններ, որոնք դրական կլինեն, կլինեն գործոններ, որոնք բացասական կլինեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե անդամակցության որոշումն ինչ կտա հայաստանի եւ ՀՀ քաղաքացուն:
«Այդ բոլորը կառավարությունը վերլուծել է, նաեւ բանակցել է ՌԴ-ի հետ։ Այդ վերլուծությունը բերել է այն համոզման, որ ՄՄ-ին անդամակցությունը բխում է մեր երկրի, քաղաքացիների շահերից։ Առաջին հերթին կարող ենք մուտք գործել մեծ շուկա, որտեղ կիրացնենք մեր ապրանքները։ Մեր տնտեսվարողները կարող են մեծացնել իրենց գործունեության ծավալները»,- ասել է վարչապետը։
Նա նշել է, թե ինչու չեն արել դա 3 տարի առաջ: «Մենք կարծում էինք, որ սահման չունենալը լրջագույն խոչընդոտ է ՄՄ-ին անդամակցելու հարցում։ Հետագայում ՌԴ-ի հետ հարաբերությունները կանգնեցրին մի խնդրի առջեւ։ ՌԴ-ի հետ ծրագրեր մշակելիս հղումներ էին արվում ՄՄ-ին եւ դա խնդիրներ էր ստեղծում։ Ինչքանով կուժեղանա ՄՄ-ը, այնքանով պատնեշներ էին ստեղծվելու հայ-ռուսական հարաբերություններում։ Դրա համար ստեղծվեց աշխատանքային խումբ, որը հաշվի առնելով ընդհանուր սահմանի բացակայությունը, գտնել այնպիսի հնարավորություններ, որ հայկական բիզնեսը խոչընդոտի չհանդիպի իր ապրանքները ՌԴ-ում իրացնելիս»,- նշել է վարչապետը:
Ըստ վարչապետի, առաջին խնդիրը որ մեզ մտահոգում էր, դա մաքսատուրքերի դրույքաչափերն էին, որոնք Հայաստանում շատ ցածր են։ «Այսինքն մենք պիտի բարձրացնեիք մաքսատուրքերը, որը քննարկում էինք մեր ռուս գործընկերների հետ, որ այդ անցումը քիչ ցավոտ լինի ՀՀ տնտեսության համար եւ անկման չհանգեցնի։ Այդ բանակցությունների ընթացքում գտանք ընդհանուր եզրեր, որ մեր գործընկերները կարող են օժանդակել այդ հարցում։ Երկրորդ հարցը վերաբերում է ընդհանուր սահմանի բացակայությունը, որի դեպքում մեր ապրանքները մաքսատուրքեր պիտի վճարեն։ Մեզ առաջարկվեց, որ տրանզիտով կարող են հատել երրոդ երկրների սահմանը, ինչպես Կալինինգրադի մարզի դեպքում է։ Նշվեց, որ ավելի հեշտացված կարգեր կգործեն, քանի հիմա գործում են»,- նշել է Սարգսյանը։
Ըստ վարչապետի, մեր քաղաքացիների համար ՄՄ-ին անդամակցելը հիմքեր է ստեղծում կայուն աճի համար։ «Երկրորդ. Ուղղակի մեծածավալ ներդրումներ են լինելու։ Օրերս մի կարեւոր համաձայնագիր կնքվեց «Ռոսնեֆթի» հետ, որը մեծ ներդրումներ կբերի Հայաստան։ Սա չէր կարող լինել առանց ՄՄ-ի անդամակցության հեռանկարի։ Նման ներդրումները շարունակվելու են, որի կարիքը ՀՀ-ն ունի։ Սա սոցիալական աճ է, աշխատատեղերի ստեղծում մեր քաղաքացիների համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը։