ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի ելույթը' ԱԺ հայտարարությունների ժամին
«Հարգարժան ԱԺ նախագահ, հարգելի գործընկերներ,
Վերջին օրերին որոշ քաղաքական շրջանականեր փորձում են առաջ քաշել այն վտանգավոր մոտեցումը, թե Ղրիմի այսպես ասած հանրաքվեն կարող է նախադեպ լինել Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար:
Նախ միանգամից նշեմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշումը տեղի է ունեցել ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային դեմոկրատական նորմերին խստիվ համապատասխան:
Ակնհայտ է, որ Ղրիմի խնդիրը արհեստականորեն առաջ քաշվեց աշխարհաքաղաքական շահերի բախման արդյունքում և Ղրիմի ազգաբնակչությունը չունի կոնսենսուս ինքնորոշման հարցի վերաբերյալ:
Եվ վերջապես, Ղրիմում գործընթացները տեղի են ունենում ռուսական կողմի ռազմական ագրեսիայի ներքո, որոնք ազդեցիկ միջազգային իրավական սուբյեկտների կողմից արդեն իսկ ճանաչվել են անօրինական: Թեկուզ հենց այս պատճառով անթույլատրելի է ընդհանրացնել Ղարաբաղի և Ղրիմի խնդիրները:
Հաջորդ մտահոգությունս կապված է ներկայիս աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին Մաքսային Միությանն անդամակցելուց բխող վտանգավոր հետևանքների հետ:
Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո ակներև է, որ Ռուսաստանն օրեցօր մղվում է միջազգային ակնհայտ մեկուսացման, որն անդառնալի հետևանքներ է ունենալու Ռուսաստանի տնտեսության վրա և նաև ակնհայտորեն ազդելու է Մաքսային Միության անդամ պետությունների վրա:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը, անդամակցելով Մաքսային Միությանը, իր արտաքին տնտեսական քաղականության գործառույթների զգալի մասը զիջելու է այդ վերազգային կառույցին, որն էլ կարող է տանել Հայաստանի միջազգային մեկուսացմանը:
Մինչդեռ ունենալով այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են ԼՂ միջազգային ճանաչման հիմնախնդիրը և Հայաստանի տնտեսական վիճակը, Հայաստանն ուղղակի իրավունք չունի թույլ տալ միջազգային ասպարեզում վտանգավոր ինքնամեկուսացումը:
Ավելին՝ Հայաստանը պարտավոր է արդեն իսկ քայքավող և մեկուսացման գնացող Մաքսային Միությանն անդամակցելու փոխարեն, վերանորոգել հարաբեությունները Եվրամիության հետ' արևելյան գործըներության և ասոցացման պայմանագրի շրջանաներում, որպես առաջադեմ, դեմոկրատական և զարգացած տնտեսական ինտեգրացիոն միավորի:
Ցավով եմ նշում, որ որոշ քաղաքական շրջանակներ պնդում են, թե Մաքսային Միությանն այլընտրանքը պատերազմն է: Դա նույնն է ասել, որ Հայաստանը զուրկ է հեռանկարից և ինքնուրույնությունից: Ավելին, դա հայկական պետականության թուլացմանն ուղղված մոտեցում է:
Պետք է գիտակցել, որ Հայաստանի և Արցախի անվտանգության միակ երաշխավորը միջազգային հանրությանը լիարժեք ինտեգրված, կայուն զարգացման հեռանկար ունեցող և կենսունակ Հայաստանի Հանրապետությունն է:
Դեռևս ուշ չէ, որ Հայաստանի Հանրապետությունը կասեցնի Մաքսային Միությանն անդամակցության գործընթացը, քանի դեռ այն հղի չէ առավել վտանգավոր իրադարձություններով»: