«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրավական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:

 

-Պարոն Ղազինյան, «Արևելյան գործընկերության չորս տարիները. արդյունքներ և մարտահրավերներ» թեմայով քննարկմանը նշեցիք, որ Հայաստանի՝ թե՛ ՄՄ, թե՛ ԵՄ ասոցացման դեպքում սահմանադրական կոպիտ խախտում պետք է տեղի ունենա: Կմանրամասնե՞ք՝ ինչ նկատի ունեք:

 

-Մեկ ճշտում՝ մենք ԵՄ Ասոցացման համաձայնագիր կարող ենք ստորագրել, և որևէ խնդիր չկա Սահմանադրության հետ կապված: Խոսքը լիիրավ անդամակցության մասին է: Եվրոպական միությանն անդամակցել թե ՄՄ-ին՝ նույնն է, թե պատվիրակել մեր ինքնիշխան լիազորությունները վերպետական մարմինների: ՄՄ պարագայում ՀՀ կառավարությունը կամ խորհրդարանն այլևս իրավասու չեն կանոնակարգելու մաքսային հարաբերությունների ոլորտը: Դա այլևս պատկանում է Մաքսային միության հանձնաժողովի իրավասությանը: Նրանք պետք է ընդունեն ակտեր, որոնք պետք է պարտադիր լինեն Հայաստանում իրականացման համար, գերակայեն ազգային իրավունքի նկատմամբ, գործեն ուղղակիորեն և պաշտպանվեն դատական կարգով:

 

Սա գերակա, վերպետական ինտեգրացիոն իրավունքի կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Եվ մեր Սահմանադրությունը որևէ հնարավորություն ու ընթացակարգ չի սահմանում, որով պետք է ժողովրդի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին տրված իշխանությունը փոխանցվի այլ վերպետական կառույցների, և այդ հոդվածները փոփոխության ենթակա չեն: Այսինքն՝ եթե մենք ինչ-որ մի պահի ցանկանանք էլ միանալ Եվրոպական Միությանը, ինչը ես շատ եմ ուզում, պետք է ընդունել նոր սահմանադրություն, քանի որ այս երկու հոդվածները փոփոխության ենթակա չեն: Այդ հոդվածները ուղղակիորեն սահմանում են, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, իշխանությունը պատկանում է ժողովդրին, և նա իրացնում է այն ընտրությունների, հանրաքվեների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով: ՀՀ սահմանադրությունն արգելում է ինքնիշխան լիազորությունների փոխանցումը որևէ վերպետական միջազգային կազմակերպության:

 

-Մի կողմից խոսում ենք կորցրած հնարավորությունների մասին, մյուս կողմից՝ Հովիկ Աբրահամյանը երեկ էլ ասում էր՝ մենք պատրաստ ենք եվրոինտեգրմանը, Ասոցացման համաձայնագրին և այլն:

 

-Այն հայտարարությունները, թե մենք պետք է փորձենք շտկել հակասությունները, որ առկա են Ասոցացման համաձայնագրի և ՄՄ պայմանագրի միջև և փորձենք ստորագրել այդ համաձայնագիրը, նույնպես լուրջ չեն, որովհետև ԵՄ-ն չի կարող ստորագրել Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր մի պետության հետ, որն իրավասու չէ որոշելու սեփական մաքսային տարիֆները: Եվրոպան ասում է՝ եթե ես պետք է որոշեմ, որ իմ և քո սահմանին այս ապրանքը պետք է գանձվի իքս գումարով մաքսային տուրքով, և եթե պետք է Մոսկվայի հետ խոսեմ՝ ինչ գնով պետք է ապրանքը մտցնել Հայաստան, ապա ես դրա կարիքը չունեմ: Այսինքն՝ այստեղ ինքնիշխանությունը կարևոր նախապայման է, որ Հայաստանը կարողանա բանակցել, ավարտին հասցնել, ստորագրել, վավերացնել և գործողության մեջ դնել Խոր և ազատ առևտրի գոտու համաձայնագիրը:

 

-Այնուամենայնիվ, Վիլնյուսի գագաթնաժողովից որևէ ակնկալիք ունե՞ք:

 

-Մեծ ակնկալիք չունեմ: Մենք շատ քիչ ժամանակ ունենք մինչև Վիլնյուսի գագաթնաժողով, որպեսզի դադարեցնենք հակասահմանադրական և անկախությանը դեմ գնացող գործընթացը, մինչդեռ ես վստահ եմ, որ մենք դա կկարողանանք անել, այնուհետև պատրաստենք Հայաստանը երկրորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա մեկուկես տարի հետո Ռիգայում: Մենք պետք է այդ ժամանակը օգտագործենք առավելագույնը օպտիմալ, կազմակերպենք ռեսուրս, ինքնակազմակերպվենք և կարողանանք լայն ճակատով գնալ ազգի և պետության համար շահեկան ուղղությամբ:

 

-Որոշ ժամանակ առաջ ՄՄ գաղափարի կյանքի կոչվելուն չէիք հավատում: Այսօ՞ր էլ շարունակում եք նույն դիրքորոշմանը մնալ:

 

-Մենք իհարկե կփորձնեք հարկադրել իշխանությանը հրաժարվել բանակցություններ վարելուց, բայց ես կարծում եմ, որ խնդիրն առավել լուրջ կդրվի Սահմանադրական դատարանում հարցի իրավասության քննարկման ժամանակ՝ որքանո՞վ է ՀՀ-ն իրավասու կամ որքանո՞վ է այս պայմանագիրը համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: Պայմանագիրը, կարծում եմ, կստորագրվի, սակայն վավերականացման ընթացքում այն կունենա շատ լուրջ խնդիրներ:

 

-Իսկ ի՞նչ վստահություն ունենք ՍԴ նկատմամբ:

 

-Սա ընտրություն չէ: Այստեղ խոսքը վերաբերում է Հայաստանի անկախությանը, պետականությանը, ինքնիշխանությանը: Սրանք տարբեր բաներ են, և ես չեմ ուզում կանխավարկածով կասկածել Սահմանադրական դատարանի անդամների մասնագիտական որակի և հայրենասիրության վրա: Կարծում եմ՝ նրանք կլինեն և՛ շատ պրոֆեսիոնալ, և՛ հայրենասեր: