Ամերիկյան հայտնի Freedom Hause կազմակերպության Եվրասիայի մասնագետ Նաթե Շենքանը կոչ է արել Եվրոպային դադարեցնել Թուրքիայի' ԵՄ անդամակցության գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Եվրոպայում Թուրքիայի վերջը» խորագրով հոդվածում Շենքանը հիշեցրել է 2013 թվականի դեկտեմբերի 17-ից սկսված «Մեծ կաշառք» գործողությունը, այնուհետև արդեն այս տարի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած լրագրողների ձերբակալությունները, որոնք մասնագետն անվանել է որպես «դեկտեմբերի 17-ի վրեժ»: Շենքանը նշել է, որ Թուրքիայի ներսում տիրող բռնությունները դադարեցնելու առաքելությունն այժմ ընկած է թուրքական ԶԼՄ-ների և քաղաքացիական կազմակերպությունների վրա, քանի որ արտաքին ուժերն այս հարցում կորցրել են Թուրքիայի վրա իրենց ազդեցությունը:
«Ժամանակն է, որ ԵՄ-ն դադարեցնի կառույցին Թուրքիայի անդամակցության գործընթացը: Նման կառավարությամբ Թուրքիայի եվրոպական տեսլականը երբեք առաջ գնալ չի կարող: Այս երկրի ժողովրդավար ապագայի հույս կապողները պետք է սկսեն այլ կերպ մտածել այդ նպատակը սատարելու գործում»,- նշել է Նաթե Շենքանը: