Եվրոպայի Խորհրդարանի պատգամավոր, երկար ժամանակ Թուրքիայի' Եվրամիությանն անդամակցության գործընթացի ջատագով Էնդրյու Դյուֆը հայտարարել է, որ Թուրքիան կոպենհանգենյան չափանիշներն այնքան է խախտել, որ այլեւս անհնար է պաշտապնել այդ երկրի' ԵՄ անդամակցության գործընթացը:

 

Անգլիական Times թերթը հայտնել է, որ Թուրքիայի' ԵՄ անդամակցության գործընթացը կարող է առկախվել, քանի որ ԵՄ ղեկավարությունը խստորեն անհանգստացած է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի' ավտոկրատ ղեկավարման անցնելու փաստով:

 

Թերթին տված հարցազրույցում Էնդրյու Դուֆն ասել է. «Ներկա պահին Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության գործընթացը ծաղրի պես մի բան է: Անկանկալ կլինի, եթե աշնանը չառկախվի այդ գործընթացը»:

 

Թերթը Թուրքիայի' ԵՄ անդամակցության հարցում կասկածները հիմնավորել է այդ երկրում Էրդողանի կառավարության կողմից Դատավորների եւ դատախազների բարձրագույն խորհրդի մասին օրենքում մտցված փոփոխությունների հետ, որով իշխանությունը վերահսկողություն է մտցրել դատական համակարգի նկատմամբ, ինչը հակասում է ԵՄ չափանիշներին:

 

Թերթը հիշեցրել է, որ մարտի 5-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների հանձնաժողովը, Եվրոպայի Խորհրդարանը եւ Եվրոհանձնաժողովը պետք է քվեարկության դնեն Թուրքիայի' ԵՄ անդամակցության գործընթացը շարունակելու հարցը:

 

Ըստ թերթի' ԵՄ-ում կարծիքներ են շրջանառվում, որ «մինչեւ Էրդողանը չհեռանա կամ էլ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության չափավոր անդամների կողմից չսահմանափակվեն նրա ավտոկրատ ղեկավարման ջանքերը, ԵՄ հետ բանակցությունները պետք է դադարեցվեն»: