Galatv.am Կառավարությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ գումարել է արտահերթ նիստ: Ու չնայած այն հանգամանքին, որ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն նիստը պետք է մեկնարկեր ժամը 14:00-ին, այն սկսվեց շուրջ 30 րոպե ուշացումով: Թե ինչն էր պատճառը, կառավարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից չեն պարզաբանել:

Նիստի մեկնարկից առաջ գործադիրի անդամները նախ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են սիրված դերասան Սոս Սարգսյանի հիշատակը:

Ապա Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ներկայացրել է 2014 թ. պետական բյուջեի նախագիծը, որով եկամուտները 1 տրիլիոն 127 միլիարդ 400 միլիոն դրամ է: Հաջորդ տարի կառավարությունը նախատեսում է ՀՆԱ-ի 5,2 տոկոս աճ: «Կազմվել է բյուջեի եկամտային մասը. ՀՆԱ-ի հիմնական բաղկացուցիչ մասը եւ ծախսային հատվածը սոցիալական ուղղվածության են լինելու: Այնուհետեւ ըստ ոլորտների՝ պաշտպանություն, տնտեսություն, այլ ճյուղեր եւ համայնքային բյուջեներին տրամադրվող գումարներ»,- ասել է Դ. Սարգսյանը: Ապա նա անդրադարձել է պետական բյուջեի ավելացումներին' նշելով, որ մասնավորապես 36.6 միլիարդի չափով ավելացում է նկատվել այս տարվա պետական բյուջեի հետ համեմատ: «Աշխատավարձերը 2014թ. հունվարի 1-ից կբարձրանան, իսկ թոշակների գծով եւս նախատեսվում է բարձրացում շուրջ 15 տոկոսով»,- ասել է ֆինանսների նախարարը:

Ապա ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ասել է, որ դժվարին աշխատանք է սպասվում առաջիկայում: «Մասնավորապես ներդրումների նվազում է նկատվում, մենք պետք է մտածենք բիզնես եւ հարկային բեռի ճիշտ բաշխման մասին, եւ մենք չենք ավելացնում հարկային բեռը 2014 թվականին: Մենք միասին հիմա որոշում ենք կայացնում չավելացնել հարկեր- ՀՆԱ հարաբերակցությունը, որպեսզի բիզնեսի վրա ավելորդ ճնշումներ չլինեն»,- ասել է Տ. Սարգսյանը: Ապա խոսել Մաքսային միության մասին եւ այս առումով ասել. «Մաքսային միությանն անդամակցումը նոր միջավայր է ստեղծելու մեր բիզնեսի համար, եւ մենք պետք է նրանց համար ստեղծենք պայմաններ, որպեսզի այդ անցումը լինի առավել սահուն: Ըստ էության հարկային եկամուտների եւ արդյունքում հարկեր- ՀՆԱ հարաբերությունը թողնում ենք նույնը»: Տ. Սարգսյանը հայտնել է, որ հաջորդ տարի հունվարի մեկից ՀՀ-ում թոշակները կավելանան 15 տոկոսով, իսկ աշխատավարձերը կավելանան 40 տոկոսով: Միեւնույն ժամանակ փոփոխություններ են կատարվել կապիտալ ծախսերի ոլորտում, մասնավորապես դպրոցաշինության եւ ճանապարհաշինության ոլորտներին հատկացվող գումարները հաջորդ տարի ավելանալու են, որը նպատակ կունենա նպաստել տնտեսական աճի ավելացմանը:

Վարչապետը հայտնել է, որ չի բացառվում այն հանգամանքը, որ երբ այս փաստաթուղթը հայտնվի ԱԺ-ի դատին, կլինեն բուռն քննարկումներ եւ դեբատներ: «Մենք խորհրդարանի դատին ենք հանձնելու մի փաստաթուղթ, որի քննարկման ընթացքում լուրջ դեբատներ կլինեն, արդյո՞ք արդար է, թե արդար չէ եւ այլն, բայց մենք պետք է այդ քաղաքական կոմպրոմիսին հասնենք»: