Իրաքում ծառայած բրիտանացի զինվորը հարցումների ժամանակ հայտնել է, որ ինքն իր ծառայակից ընկերների կողմից իրաքցիների նկատմամբ վատ վերաբերմունքի վկան է դարձել: Նախկին շարքային Դունկանը Էսթոնն ասել է, որ տեսել է, թե ինչպես է բրիտանացի զինվորը կանգնել մահացած մարդու գլխին, իսկ մեկ այլ դեպքում՝ թե ինչպես են զինծառայողները ձեռքերով ու ոտքերով հարվածել ձերբակալված իրաքցիներին:
Էսթոնը ցուցմունքներ է տվել հատուկ հարցումների համար, որի նպատակն է եղել ստուգել բրիտանական բանակի շարքերում որոշ չարաշահումների վերաբերյալ կատարված հայտարարությունները:
Իրաքի պատերազմական գործողություններին մասնակցած բրիտանական բանակի բարձրաստիճան մի սպա՝ գնդապետ Ռիչարդ Գրիֆիթսը, երկուշաբթի օրը հայտարարել է, որ իրաքցիների նկատմամբ վատ վերաբերմունք չի եղել: Գրիֆիթսի կարծիքով՝ չարաշահումների մասին լուրերը տեղեկացված չլինելու հետևանք են: Նա նաև նշել է, թե ինչի կարող են հասցնել մարտական վերքերը և զինյալների կողմից տարածվող ապատեղեկատվությունը: