Առաջին ռեակցիան Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությանը՝ Հայաստանի ՝ ԵվրԱզԷՍ-ին հնարավոր անդամակցության վերաբերյալ այն էր, որ Հայաստանը պարզապես պարտավորված է մասնակցելու նորաստեղծ միության աշխատանքներին՝ որպես այլընտրանք դիտարկելով ՀՀ անվտանգության համակարգում ռուսական բաղադրիչի կենսականությունը և հարաբերությունների վատացման պայմաններում մեր անվտանգության համակարգի հնարավոր խոցելիությունը: Այս մտահոգությունները, ընդհանուր առմամբ, զուրկ չեն տրամաբանությունից: Սակայն տարրական գիտելիքների տիրապետող ցանկացած դիվանագիտական կորպուսի համար վաղուց արդեն պետք է ակնհայտ լիներ, որ կոմպլոմենտար վագրի ոստյունների արդյունքում Հայաստանը Ռուսաստանին է նվիրել ոչ միայն իր տնտեսական, այլ նաև քաղաքական ինքնավարությունը՝ տարաբնույթ տնտեսական խարդավանքների միջոցով ՌԴ-ին նվիրելով ԽՍՀՄ-ից ժառանգած հսկայական տնտեսական կապիտալը...


ԵվրԱզԷՍ-ին հնարավոր անդամակցությունը, կարծես թե, գուժում է կոմպլեմենտարիզմի դարաշրջանի ավարտը։ Թեև Սերժ Սարգսյանի վարչակազմը որևէ կերպ չի ակնարկել, որ հրաժարվում է իր սիամական նախորդի որդեգրած կոմպլոմենտար հորջորջվող քաղաքականությունից, սակայն ներկայիս արտաքին քաղաքականությունը նախորդի տրամաբանական շարունակությունն է, նախկին նախագահը ջանք չխնայեց ՀՀ տնտեսության ռազմավարական հատվածը ռուսաֆիկացնելու համար, իսկ ներկայիս իշխանությունները կքված են ամեն անկյունում ռուսական ներկայության բեռի տակ և առանց պաշտոնական Մոսկվայի գիտության ի զորու չեն երկրի ներսում սահմանելու անգամ որևէ կենսական ծառայության սակագին: Այս պարագայում անդամակցությունից հրաժարվելու կոչերը, որքան էլ որ ցավալի հնչի, ժամանակավրեպ են, որովհետև Հայաստանը ԵվրԱզԷՍ-ին անդամագրվել է կառույցի ստեղծումից դեռ շատ առաջ՝ մաս-մաս Ռուսաստանին զիջելով իր ինքնավարությունը:


Որքան էլ տարօրինակ հնչի՝ ժամանակի ԵվրԱզԷՍ -ին Հայաստանի անդամակցության ընդդիմախոսների շարքում աչքի էր ընկնում վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը հայտարարել է, որ համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի փորձ, որի համաձայն' երկիրը, չունենալով ընդհանուր սահման մաքսային միության հետ, անդամակցի դրան: Ըստ Տիգրան Սարգսյանի՝ եթե ապրանքները պետք է երկրորդ երկրի միջոցով արտահանվեն, դա նշանակում է, որ մաքսազերծման բոլոր գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել: Այսինքն, մաքսային գոտու բոլոր առավելությունները դուրս են մղվում: Այդ տեսակետից, անիմաստ է դառնում մաքսային միությանն անդամակցելը: Այս առանձնահատկությունը ընդգծել է նաև ՌԴ նախագահ Պուտինը՝ Հայաստանը չունի ընդհանուր սահման ԵվրԱզԷՍ-ի և Մաքսային Միության հետ, սակայն Սերժ Սարգսյանի հետ համատեղ ստեղծած աշխատանքային խմբին հրահանգել է մշակել գործիքներ, որոնք, հաշվի առնելով այս առանձնահատկությունները, կնախապատրաստեն Հայաստանի անդամակցությունը նոր միությանը: Պուտինի ձգտումը՝ ամեն գնով պարտադրել Հայաստանի անդամակցությունը նոր միությանը, ցույց է տալիս, որ ԵվրԱզԷՍ-ը միտված է դառնալու ավելի շուտ ռազմաքաղաքական դաշինք, ԽՍՀՄ ուրվական, քան տնտեսական և մաքսային միություն: Նմանատիպ դաշինքին անդամակցությունը Հայաստանի համար պարունակում է լրջագույն վտանգներ և արտաքին քաղաքական մարտահրավերներ, որոնց քննարկումը ի ցույց է դնում Հայաստանի արտաքին քաղաքական իրավիճակի ողբերգականությունը:


Ամեն դեպքում, վիճակը նետված է, և Հայաստանը ընդունել է ռուսական կողմի պարտադրանքը: Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից հետո վարչապետի հայտնի հայտարարությունը պետք է դառնար նրա կարապի երգը: Առկա է շատ նուրբ քաղաքական հակասություն՝ նախագահի և վարչապետի միջև: Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը բացարձակ տարբեր պատկերացումներ ունեն ՀՀ արտաքին քաղաքականության ուրվագծերի շուրջ: Գործող նախագահի մաինձնյա որոշումից հետո Տիգրան Սարգսյանը առնվազն պետք է հանդես գար մոտավորապես այսպիսի հայտարարությամբ. «Ըմբռնումով մոտենալով նախագահ Սերժ Սարգսյանի որդեգրած արտաքին քաղաքական նոր կուրսին, սակայն այդ հարցում ունենալով տրամագծորեն հակառակ դիրքորոշում՝ ես իմ թիմակիցների հետ հայտարարում եմ հրաժարականի մասին՝ նպատակ ունենալով հիմնել նոր քաղաքական ուժ, որը պետք է փորձի ներկայացնել առավել լայն ֆորմատով, ժողովրդավարական ընտրությունների միջոցով վերադառնալ իշխանության և փոփոխություններ կատարել ՀՀ արտաքին քաղաքականության ուղեգծում»: Այս հայտարարությանը անմիջապես պետք է հետևեր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի և մի շարք այլ պաշտոնյաների հրաժարականը: Քաղաքագիտության տարրական այբուբենը հուշում է, որ առաջիկա օրերին հենց այդպես էլ կլինի...

 

Վարուժան Բաբաջանյան