ՀՀ Ազգային ժողովի սեպտեմբերի 6-ի աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են հինգերորդ գումարման ԱԺ-ի չորրորդ նստաշրջանի և սեպտեմբերի 9-12-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի մասին որոշումների նախագծերը:
Նստաշրջանի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 70 հարց և միջազգային 22 պայմանագիր, իսկ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում՝ 71 հարց և միջազգային 21 պայմանագիր:
Որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ սեպտեմբերի 9-ի նիստում:
Քառօրյայի օրակարգի նախագծում չընդգրկված միակ պայմանագիրը 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններն են:
Հայ-թուրքակական արձանագրությունները դեռևս նախորդ գումարման ԱԺ-ում' 2010թ.-ի փետրվարի 15-ից, ընդգրկված են նստաշրջանի օրակարգում: Փետրվարի 22-ից արձանագրություններն ընդգրկվեցին նաև քառօրյա նիստերի օրակարգ, սակայն երկու ամիս անց' ապրիլի 22-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի համաձայն, կասեցվեցին և հանվեցին քառօրյա նիստերի օրակարգից:
Արդյունքում' արդեն երեքուկես տարուց ավելի արձանագրությունները մնում են նստաշրջանների օրակարգում, ինչն այս ընթացքում յուրաքանչյուր անգամ օրակարգի հաստատման ժամանակ խորհրդարանական ընդդիմության դժգոհության առիթ է հանդիսանում: Մասնավորապես, «Ժառանգություն»-ը յուրաքանչյուր նստաշրջանի օրակարգի մասին որոշմանը դեմ է քվեարկել' դրանում արձանագրությունների առկայության պատճառով: