Lragir.am Մեր զրուցակիցն է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Լենա Նազարյանը:
Հաճախ կարելի է լսել, որ գյուղատնտեսությամբ այլընտրանք հնարավոր չէ ձևավորել, ինչպե՞ս եք կարծում մեղվապահությունը կամ գյուղատնտեսական այլ գործունեությունը Թեղուտ և Շնող համայնքներում կարո՞ղ է այլընտրանք դառնալ հանքին:
Ոչ միայն Թեղուտում, այլև Հայաստանի ցանկացած համայնքում որևէ հանքավայր բացելու նպատակահարմարությունը հիմնավորվում է համայնքի սոցիալական ծանր կացությամբ և աշխատատեղերի անհրաժեշտությամբ: Մենք բացարձակ չենք թերագնահատում կամ անտեսում աշխատանք ունենալու կարևորությունը, սակայն չկա գոնե մեկ օրինակ' Հայաստանում ու գուցե ամբողջ աշխարհում, երբ համայնքի բնակիչը, աշխատելով հանքավայրում երբևէ կարողացել է կազմակերպել իր ընտանիքի համար անվտանգ ու լիարժեք ապահով կեցություն իր բնակավայրում: Մենք ուզում ենք, որ Թեղուտ և Շնող համայնքների բնակիչներն ունենան մշտական, կայուն, առողջության համար անվտանգ, հեռանկարային և եկամտաբեր աշխատանք, որովհետևմարդու կյանքի որակը ուղղակիորեն պայմանավորված է շրջակա միջավայրով: Աղքատության ամենացայտուն ցուցանիշներից է աղտոտված շրջակա միջավայրը. ապրել աղտոտված միջավայրում, նշանակում է լինել աղքատ: Դուք երբևէ տեսե՞լ եք հարուստ մարդու, ով ապրում է հանքարդյունաբերական թափոնի հարևանությամբ: Հայաստանում այդպիսի համայնքներ շատ են ու այդ համայնքները աղքատ են կամ ծայրաստիճան աղքատ: Տեսեք, թե ի՞նչ տեղի ունեցավ Թեղուտում և Շնողում: Մարդիկ ունեին հող, բայց շարքից դուրս էր եկել ոռոգման համակարգը, ագրոտեխնիկան մաշվել էր և քանդվել էր գյուղմթերքի մթերման գործարանը: Վալեքսը՝ կառավարության որոշմամբ գյուղացիներից 1 քառ. մետր հողը գնեց 30-47 դրամով և գյուղական համայնքում ապրող մարդը մնաց առանց հողի: Թեղուտ գյուղն ունի ընդամենը 1 հեկտար հող՝ չհաշված տնամերձ հողամասերը: Թեղուտում ապրող մարդը իր աշխատուժից բացի այլևս ոչինչ չունի. նա պետք է վաճառի իր աշխատուժը, որ այդ գումարով գնի սնունդ՝ աշխատուժը վերականգնելու համար: Սա ծուղակ է: Մարդուց վերցնում են բնությունն ու տալիս հանքավայրում աշխատելու «մեծագույն շնորհ»՝ հենց այդպես էլ մատուցում են: Շնողում վիճակն ավելի բարվոք է այնտեղ կան անմշակ հողը և պետք են միայն գրագետ ներդրումներ այլընտրանք զարգացնելու համար: Պետք է հասկանալ, որ գյուղում աշխատանք չեն փնտրում, այնտեղ աշխատանք ստեղծում են: Ու քանի դեռ կա անտառ, մաքուր հող ու մետաղներով չաղտոտված ջուր, ապա պետք է փնտրել այլընտրանք հանքին: Միայն վերականգնվող բնությունն է այդ գյուղերի կայուն զարգացող տնտեսության հիմքը, բնությունը միայն ծառ ու թիթեռ չէ, այլ՝ այդ գյուղերի աշխատանք ունենալու նախադրյալը: Մենք կարծում ենք, որ գյուղը պետք է ստեղծի ինքնաբավ տնտեսական աղբյուրներ: Այլևս պետք չէ հավատալ, որ կա կառավարություն և այն մի բան կանի: Պետք է միավորվել համագյուղացիներով և ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ սեփական բարեկեցության և տնտեսական ապահովության համար: Իհարկե 1 գյուղացին երբեք չի կարող այնքան մեղր արտադրել (օրինակի համար եմ ասում), որպեսզի լինի մրցունակ. դրա համար պետք է համագյուղացիներով ստեղծել միություններ, համագործակցել փոխօգնության սկզբունքով, ներդրումներ անել և լինել անկախ տնտեսական սուբյեկտ:
Մանրամասներն` այստեղ: