Tert.am Մոսկվան իրազեկել է Վաշինգտոնին Սիրիայի քիմիական զենքը միջազգային հանրությանը փոխանցելու առաջարկի հետ կապված ծրագիր մշակելու մտադրության մասին, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է Взгляд-ը:
«Ես արդեն ասել եմ, որ մենք նախագծի տեսքով առաջարկ ենք պատրաստում, որը ցանկության դեպքում կներկայացվի բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ ԱՄՆ-ին: Մենք ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ կապի մեջ ենք: Վերջին անգամ երեկ ենք խոսել հեռախոսով, և ես նրան հայտնել եմ այն մասին, ինչը հիմա ասում եմ ձեզ»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ մոտ ժամանակներս Մոսկվան պատրաստ է ներկայացնել ռուսական արտգործնախարարության գաղափարի իրականացման հետ կապված աշխատունակ նախագիծ:
Արտգործնախարարի խոսքով՝ ռուսական նախաձեռնության իրականացումը չի նշանակում, որ պետք է դադարեցնել Սիրիայում քիմիական զենքի կիրառության մասին հաղորդումների հետաքննությունը:
Ավելի վաղ Բարաք Օբաման հայտնել էր, որ Սիրիայի վրա հարձակումը կարող է հետաձգվել սիրիական քիմիական զենքը միջազգային հանրությանը փոխանցելու ռուսական նախագծի իրականացման դեպքում: