Aravot.am Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ԱԺ հայտարարությունների ժամին, անդրադառնալով Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը, նկատեց, որ դա 2008-ից ի վեր «արտառոց գաղտնիության պայմաններում» տեղի ունեցած հերթական «ճակատագրական իրադարձություններից մեկն էր»: Որպես այդպիսիք նա նշեց՝ հայ – թուրքական արձանագրությունների ստորագրումը, ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, անգամ գազի գնի բարձրացումը:

 

Պարոն Մանուկյանի դիտարկումներով՝ «երբեմն գործընթացներից տեղյակ չի եղել նաև իշխող կոալիցիան»: ՀԱԿ խմբակցության անդամը հայտարարեց. «Ակնհայտ է, որ հասարակությունից գաղտնի գործողություններ կատարելը պայմանավորված է նրանով, որ չունենալով լեգիտիմության անգամ չնչին պաշար և, հետևաբար, հասարակական աջակցություն՝ Սերժ Սարգսյանը կորցրել է իրավիճակի նկատմամբ որևէ վերահսկողություն, ամբողջովին մեկուսացել է թե՛ հասարակությունից և թե՛ քաղաքական ուժերից, և ճակատագրական հարցերում ոչ թե կայացնում է որոշումներ երկրի և ժողովրդի համար, այլ ընդամենը կատարում է իրեն օտարների կողմից պարտադրված որոշումները, ինչը նսեմացուցիչ է ոչ միայն իր, այլև երկրի և ժողովրդի համար, ինչը խաթարում է Հայաստանի սուվերենությունն ու վիրավորում ժողովրդի արժանապատվությունը»:

 

Որպես եզրափակում պարոն Մանուկյանը հայտարարեց. «Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը Հայաստանին սպառնում է նորանոր անկանխատեսելի և վտանգավոր զարգացումներով», հետեւաբար, ըստ Մանուկյանի՝ «անհրաժեշտ է Հայաստանի հասարակական-քաղաքական ուժերի միավորումը ոչ օրինակարգ իշխանության հեռացման եւ ազգային շահերը պաշտպանող իշխանության ձեւավորման նպատակի շուրջ»:

 

Հեղինակ`  Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ