www.lragir.am Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին, քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը, որի կուսակցապետն է Սերժ Սարգսյանը, դուրսպրծուկ էր անվանել ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւին, ով Մաքսային միության հետ ընդհանուր սահման չունենալու համատեքստում Հայաստանը համեմատել էր Կալինինգրադի մարզի հետ: Մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր՝ Սամվել Ֆարմանյանը, նախօրեին խորհրդարանի ելույթի ընթացքում հայտարարել էր, որ Գլազեւը պետք է ներողություն խնդրի Հայաստանի հանդեպ այդօրինակ խոսքի համար եւ զգույշ լինի համեմատության համար բառեր ընտրելիս:

Ինչպես երեւում է, նրանց կուսակցական ղեկավար Սերժ Սարգսյանը համաձայն չէ իր կուսակիցների հետ: Դրա վկայությունը ոչ միայն այն է, որ Հայաստանն այդպես էլ որեւէ պաշտոնական խողովակով դժգոհություն չհայտնեց Գլազեւի համեմատության կապակցությամբ՝ ինչպես որ լռել էր, երբ նույն համեմատությունը նախորդ տարվա դեկտեմբերին արեց Վիկտոր Խրիստենկոն, այլեւս այն, որ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղում Մոսկվայի քաղաքապետին:

Դրանով, Սարգսյանն ուղղակի արդարացնում է Գլազեւի համեմատությունը, հայտնում իր համաձայնությունը դրան: Որովհետեւ եթե Սերժ Սարգսյանը Հայաստանն ընկալեր որպես պետություն, ապա պետության նախագահի պաշտոնից չէր շնորհավորի մեկ այլ պետության քաղաքապետին, որովհետեւ նախագահի եւ քաղաքապետի պաշտոնները միանգամայն տարբեր են:
Հետաքրիր է, իսկ Կալինինգրադի գուբերնատորը կամ քաղաքապետը շնորհավորե՞լ է Սոբյանինին:
Սարգսյանը կամ Հայաստանը պետություն չի համարում, այլ Ռուսաստանի ինչ որ մի մարզ, որի ղեկավարն էլ շնորհավորում է Ռուսաստանի մեկ այլ մարզի կամ քաղաքի ղեկավարի, կամ էլ ինքն իրեն նախագահ չի համարում եւ գտնում է, որ պետական արժանապատվության ու սուբորդինացիայի որեւէ արգելք չկար Սոբյանինին շնորհավորելու:

Բայց, բոլոր դեպքերում, Սերժ Սարգսյանը դեռ շարունակում է զբաղեցնել Հայաստանի նախագահի պաշտոնը, հետեւաբար ինչ էլ նա մտածում է, նրա գործողությունը հանդիսանում է Մաքսային միության մասին որոշումով Հայաստանին հասցված նվաստացուցիչ հարվածի շարունակությունը:

Միգուցե Ռուսաստանը այս դեպքում էլ պատերազմով կամ իշխանափոխությամբ է սպառնացել Սերժ Սարգսյանին՝ շնորհավորիր Սոբյանինին, թե չէ… Բայց այդ դեպքում Սերժ Սարգսյանին հարկ է րոպե առաջ հրաժարական տալ, քանի Ռուսաստանը չի պարտադրել շնորհավորել գյուղապետերի, թեեւ դա կլինի չարյաց փոքրագույնը, այն հնարավոր անելիքների համեմատ, որ Ռուսաստանը կարող է պարտադրել:

Թեեւ, Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ականները նաեւ այս դեպքում կհայտարարեն, որ Սոբյանինին շնորհավորելու որոշումը կայացվել է Հայաստանի եւ հայ ժողովրդի շահից ելնելով, դա եղել է ծանր, բայց շատ կարեւոր որոշում, ինչի մասին նախապես տեղյակ են պահվել Բրյուսելի, Վաշինգտոնի, Փարիզի, Բեռլինի եւ Ստեփանակերտի քաղաքապետները:

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ