hayeli.am InoPressa կայքը, հղում անելով ֆրանսիական Le Point պարբերականին, գրում է, որ Սիրիայի քիմիական զենքը միջազգային հանրության հսկողությանը հանձնելու ռուսական ծրագիրը չափից ավելի հարթ է ընթանում` հանպատրաստից ծրագիր լինելու համար:

 

«Սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին «լեզվի սայթաքում» թույլ տվեց` հայտարարելով, որ Բաշար ալ-Ասադը կարող է խուսափել ռազմական հարձակումից՝ քիմիական զենքը հանձնելով միջազգային հանրությանը։ Քերիի ռուս գործընկեր Սերգեյ Լավրովն անմիջապես կառչեց այս առաջարկից` կոչ անելով Սիրիայի նախագահին հրաժարվել քիմիական զենքից։

 

Դամասկոսը շուտափույթ կերպով համաձայնվեց, իսկ ապշած եվրոպացի դիվանագետներն էլ իրենց աջակցությունը հայտնեցին «ռուսական առաջարկին»,-նշում է պարբերականը` ընդգծելով, որ դեպքերի նման զարգացումը դժվար թե հնարավոր լիներ միայն հանգամանքների բերումով։ Ըստ աղբյուրի` դեռ սեպտեմբերի 1-ին հրեական Haaretz թերթը գրել էր, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն աշխատում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացվելիք բանաձևի նախագծի վրա, որը պարտավորեցնում է Ասադին ՄԱԿ-ի դիտորդների հսկման ներքո քիմիական զենքը Ռուսաստանին փոխանցել։ Իսկ The Boston Globe-ն իր հերթին գրել էր, որ Վաշինգտոնն ու Մոսկվան սիրիական քիմիական զենքի ճակատագիրը քննարկում են 1 տարուց ավելի։

 

Ասադի քիմիական զինանոցի վերահսկման գաղափարն առաջացել է դեռևս 2012թ. հունիսին` G20 գագաթնաժողովի ժամանակ։ «Այդ ժամանակվանից ի վեր այս հարցը քննարկվում է` չնայած, որ ռուս-ամերիկյան հարաբերություններն այս ընթացքում զգալի սառել են «Մագնիտսկու ցուցակի» և էդվարդ Սնոուդենի պատճառով»,-շարունակում է հոդվածագիրը` մանրամասնելով, որ վերջնական ծրագիրը ձևավորվել է Սանկտ Պետերբուրգում G20 գագաթնաժողովի ժամանակ, որտեղ Պուտինն ու Օբաման «Մեծ քսանյակի» մյուս առաջնորդների աչքի առաջ առանձնացել են դահլիճի անկյունում ու մոտ 30 րոպե զրուցել։

 

Ըստ The Boston Globe-ի տեղեկությունների` քիմիական զենքի միջազգային վերահսկման գաղափարն առաջարկել է Պուտինը, իսկ Օբաման էլ այն ողջունել է։