MI6 գաղտնի հետախուզական ծառայությունը և Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հետաքննում են ռուսական ռազմատիեզերական ուժերի ենթադրյալ հարձակումները Սիրիայի քաղաքացիական բնակչության վրա, հաղորդում է Daily Mail-ը: Ինչպես հայտնի է դարձել պարբերականին, Լոնդոնի կողմից կազմվող «գաղտնի դոսյեն» կարող է հիմք դառնալ՝ միջազգային դատարանում պատերազմական հանցագործությունների մեջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրանք առաջադրելու համար:

 

Ըստ բրիտանական թերթի՝ Սքոթլանդ Յարդի խուզարկուներն արդեն Լիբանանում են: Նրանց խնդիրն է՝ վերահսկել ՌԴ ավիացիայի ակտիվությունը հարևան Սիրիայում: 

 

Amnesty International-ի իրավապաշտպանները պնդում են, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ապստամբների կողմից վերահսկվող շրջանների հիվանդանոցներին՝ փորձելով վախեցնել տեղական բնակչությանը և ստիպել նրան աջակցել նախագահ Ասադին: Հալեպում, որտեղ ժողովրդավարություն է վայելում «Սիրիայի ազատ բանակը», անցյալ տարվա սեպտեմբերից ի վեր օդային ռմբակոծությունների է ենթարկվել 8 հիվանդանոց:

 

Ինչպես նշում է պարբերականը, դեռևս նախորդ ամիս Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը զգուշացրել է Մոսկվային, որ «հիվանդանոցների ռմբակոծությունները հավասարազոր են պատերազմական հանցագործություններին»: Նախօրեին Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը հաստատել է Daily Mail-ին, որ Լոնդոնը «մանրակրկիտ ուսումնասիրում է» իրավիճակը Սիրիայում:

 

Մոսկվան հերքել է, որ իր ինքնաթիռները հարվածներ են հասցրել բժշկական հաստատություններին, որոնք գտնվում են միջազգային իրավունքի պաշտպանության ներքո: Նա պնդում է, որ միայն ահաբեկիչներին է ռմբակոծում: