«Իսլամական պետության» զինյալները նույն համաշխարհային սպառնալիքն են ներկայացնում, ինչ նացիստները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Դա է պատճառը, որ ահաբեկիչների դեմ պայքարի համար Արևմուտքին անհրաժեշտ է համագործակցել Ռուսաստանի հետ, ինչպես նա համագործակցել է Խորհրդային Միության հետ՝ Հիտլերին հաղթելու նպատակով: Այս մասին գրում է Daily Mail-ը:

 

ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ռուբինը հայտարարել է, որ եթե A321 ռուսական օդանավի կործանումն ահաբեկչության արդյունք է, ապա «շատ ուշ չէ ԻՊ-ի դեմ պայքարը սկսելու համար, քանի դա չի վերաճել համաշխարհային պատերազմի»: Նա ընդգծել է, որ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ողբերգությունից հետո Պուտինը դարձել է առաջին քաղաքական առաջնորդը, ով սկսել է համագործակցել ԱՄՆ-ի հետ: Հաղորդվում է, որ ՌԴ նախագահը կարգադրել է ռուսական հատուկ ծառայություններին կիսվել ԿՀՎ-ի հետ տեղեկատվությամբ, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում տեղակայված ռազմակայաններից օգտվելու հնարավորություն է տվել ամերիկացի զինվորականներին:

 

Թվում է, որ ոչ Եվրոպան, ոչ էլ Միացյալ Նահանգները չեն մշակել ԻՊ-ի դեմ պայքարի հստակ ծրագիր: Արևմուտքը կողմ է հանդես եկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականին և ժողովրդավարական պետության ստեղծմանը, սակայն շուտով պարզ դարձավ, որ Ասադի ոչ բոլոր հակառակորդներն են դեմոկրատներ: Նրանցից ոմանք պատկանում են ԻՊ-ին, կամ առնվազն կիսում են իսլամիստների տեսակետները:

 

Ըստ հոդվածի հեղինակի՝ Ռուսաստանի և Արևմուտքի դաշինքն է ի զորու կանգնեցնել ահաբեկիչներին, կամ քշել նրանց ընդհատակ: Սակայն պետք չէ մոռանալ, որ այդ պայքարը կարող է հանգեցնել ԻՊ-ի կողմնակիցների գործունեության ակտիվացմանը, որոնք բնակվում են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ եվրոպական երկրների տարածքում, ընդգծում է պարբերականը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեծ Բրիտանիան տվյալներ է ստացել A321-ի կործանման մեջ ԻՊ-ի բջջի պարագլուխ Աբու Ուսամա ալ-Մասրիի ներգրավվածության մասին: