Երբ քաղաքամայր Երևանում տեղադրվում էր հայ ժողովրդի փառահեղ զավակի' Գարեգին Նժդեհիարձանը, քչերի մտքով կարող էր անցնել, որ այն շուտով հայտնվելու է մեր տարածաշրջանում ընթացող լրջագույն աշխարհաքաղաքական պրոցեսների կիզկետում' վերածվելով այնպիսի ստոր շահարկումների առարկայի, որ դժվար է անգամ պատկերացնել:
Օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով վերոհիշյալ թեմայի մասին, ասել է բառացիորեն հետևյալը. «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» ստեղծողներից մեկի հուշարձանի տեղադրմամբ»: Ի ուրախություն մեզ' հայկական կողմի արձագանքը սրան բավական կոշտ ստացվեց.ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազնովը փաստարկված կերպով պատասխանել է Զախարովայի հայտարարությանը' մեկընդմիշտ հասկացնելով ռուսական կողմին, որ հայ ազգային հերոսին ֆաշիստների հետ համեմատելը նույնքան անշնորհակալ գործ է, որքան ժամանակի բոլշևիկյան ղեկավարների ու Հիտլերի միջև համեմատական զուգահեռներ անցկացնելը:
Ինչ խոսք' հասկանալու համար Մոսկվայի ու Երևանի միջև ընթացող այս հեռակա բանավեճի հեռահար նպտակները, հարկ է նախևառաջ մի շարք հանգամանքներ, փաստեր ու իրողություններ դիտարկել ընդհանուր հարթության մեջ: Այն, որ Նժդեհն իր անձով մարմնավորում է հայ ժողովրդի պայքարն ընդդեմ օտար բռնապետության ու շովինիստական նկրտումների, փաստ է: Զանգեզուրի' ներկայիս ՀՀ կազմում լինելու համար մենք ազգովի պարտական ենք հենց Նժդեհին: Փաստ է նաև այն, որ վերջին ժամանակներս բավական անսովոր կերպով իրենց փթթման գագաթնակետին են հասել ռուս-ադրբեջանական հարաբերությունները, որի պատճառը, անկեղծ ասած, այնքան էլ մինչև վերջ հասկանալի չէ (թե դրա դիմաց Բաքուն ինչ է խոստացել Մոսկվային, միայն կռահել կարելի է), ու ինչպես գրեթե միշտ է պատահում, կարծես այս անգամ ևս այդ հարաբերությունների փթթումը, տեղի է ունենում ի հաշիվ հայերիս, երբ օտարների միջև ընթացող քաղաքական-դիվանագիտական առևտրի արդյունքում զոհասեղանին են հայտնվում հայկական կողմի կենսական շահերը' դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով հանդերձ:
Հնչեցնելով ակնհայտորեն ադրբեջանամետ հայտարարություներ, ալիևահաճ կոչեր' Մոսկվան, ըստ էության, հետապնդում է մեկ նպատակ' ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների վրա' կյանքի կոչելու Կազանյան փաստաթուղթը, որը, ինչպես հայտնի է, նախատեսում է ազատագրված տարածքների հանձնում Ադրբեջանին' ոչնչի դիմաց (Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հանրաքվեի կոնկրետ ժամկետներ այնտեղ նշված չեն):
Չպետք է մոռանալ, որ հայ-ռուսական հարաբերությունների այս աննախադեպ սրացումը վրա հասավ ճիշտ այն օրվանից, երբ պաշտոնական Երևանը հասկացնել տվեց Կրեմլին, որ չի պատրաստվում կուրորեն հետևել նրա ցուցումներին ու հաստատակամ է' մինչև վերջ հետամուտ լինելու սեփական շահերի պաշտպանությանը. Երևանի «ինքնագլխությունը», հասկանալի պատճառներով, կատաղեցրել է ռուս չինովնիկներին :
Թե որքան կարող են լարվել հայ-ռուսական հարաբերությունները, անշուշտ, կախված է միայն Մոսկվայի հետագա քայլերից: Փորձելով, իբր, սեփական գերիշխանությունը հաստատել Անդրկովկասում' ռուսներն անում են ամեն բան' ազատագրված տարածքներում ռուս խաղաղապահներ մտցնելու համար, ինչի արդյունքում միանձնյա կերպով կառավարելի կդարձնեն ոչ միայն հակամարտության կարգավորումը, այլև հակամարտության կողմերից յուրաքանչյուրին' Արցախին, Երևանին ու Բաքվին՝ միևնույն ժամանակ լուծելով Ռուսաստանին հարավից եկող սպառնալիքներին դիմակայելու խնդիրը: Իրենց այս քաղաքականությամբ ռուսները ոչ թե առաջ են տանում մեր կամ Ադրբեջանցիների շահերը, այլ' բացառապես իրենց, որոնք, սակայն, ի ցավ մեզ, այս անգամ ավելի շատ համընկնում են ոչ թե մեր, այլ ադրբեջանական կողմի շահերի հետ. պետք է պատրաստվել լայնամասշտաբ պատերազմի:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ