tert.am Համացանցում մեկ շաբաթ առաջ տարածվել էր տեսանյութ, որտեղ պատկերված էր, թե ինչպես էին արտասահմանցի զբոսաշրջիկները բեզոարյան այծի որս կատարում: Կենդանին գրանցված է Կարմիր գրքում և նրա որսն օրենքով չի թույլատրվում: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տեղեկացրել էր, որ իրենք այդ մասին հաղորդում են տվել Ոստիկանություն հանցագործության վերաբերյալ և խնդրել, որ համապատասխան վարույթ իրականացվի:

 

«Արմատ» ակումբում լրագրող Գալուստ Նանյանն ու բնապահպան Սիլվա Ադամյանը ներկայացրին իրենց տեսակետը համացանցում տարածված տեսանյութի և նրա շուրջ բարձրացված աղմուկի վերաբերյալ: Բանախոսներին նախ տարօրինակ է թվացել, թե ինչու է 2009թ-ին արված տեսագրությունը միայն չորս տարի անց հայտնվել համացանցում և 7 օր անց հանվել: Սիլվա Ադամյանի կարծիքով արհեստականորեն փորձ է արվել աղմուկ բարձրացնել կատարվածի շուրջ և այդպիսով մարդկանց ուշադրությունը շեղել շատ ավելի կարևոր խնդիրներից:

 

«Նախարարությունն ասել է, որ գործն ուղարկվել է Ոստիկանություն քննության, բայց նույն նախարարությունը չի նստում և չի նայում իր իսկ 2004թ-ին ընդունած որոշումը,- նկատեց Գալուստ Նանյանը։- Այդ որոշման մեջ պարզ նշված է՝ թույլատրել ընկերությանը 5 բեզոարյան այծի, 5 հայկական մուֆլոնի, 2 հատ գորշ արջի որս: Որոշման մեջ չի ասվում, թե ընկերությունը դա մեկ տարվա մեջ է իրականացնելու, հիսու՞ն տարում, թե յուրաքանչյուր տարի: Գրված է. իրենք իրավունք ունեն էդքան թվով որս կատարել»:

 

«Սաֆարի Ինթերնեյշնլ» հայ-իտալական ձեռնարկությունը տարածել է հաղորդագրություն վերջին օրերին համացանցում տարածված որսի մասին պատմող տեսանյութի մասին: Այնտեղ մասնավորապես նշված է, որ ՀՀ Վայոց ձորի մարզի և Սյունիքի մարզի պետական անտառային ֆոնդի տարածքներն օգտագործելու մասին ՀՀ կառավարության 2004թ-ի հունիսի 10-ի թիվ 894 N որոշմամբ «Սաֆարի Ինթերնեյշնլ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ին թույլատրվել է Վայոց ձորի մարզի համայնքներին վարչական սահմաններից դուրս գտնվող և ընկերությանն հանձնված տարածքներում կազմակերպել վայրի կենդանիների սիրողական որս: Վերոհիշյալ որոշման մեջ ամրագրված է նաև համապատասխան կենդանատեսակների որսի թույլտվությունը: Այս իրավական ակտերի հիման վրա էլ ՍՊԸ-ն ծավալել է իր գործունեությունը, որի մասին տեսանյութը տարածել են համացանցում:

 

Ընկերության տնօրինությունը հայտարարել է, որ պատրաստ են խնդրով շահագրգիռ անձանց և կազմակերպություններին ներկայացնել իրենց գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի ողջ փաթեթը:

 

Լրագրող-էկոլոգ Գալուստ Նանյանը տեղեկացրեց, որ 2004թ-ին, երբ ստեղծվել է «Սաֆարի Ինթերնեյշնլ» ընկերությունը՝ պետությունը մասնավորի հետ ընդունում հանձնում է կատարել կենդանատեսակների հետ կապված: 2 850 հա տարածքի վրա 2004թ-ին հաշվվել է ընդամենը 5 հատ բեզոարյան այծ, 7-8 հատ վայրի վարազ և 2-3 հատ գորշ արջ: 2004թ-ից մինչև 2010թ-ը, երբ պետությունը տարածքը հանձնել է մասնավորին սաֆարի կազմակերպելու համար, բեզոարյան այծերի թիվը հասել է 450-ի, արջը՝ 50-60-ի, իսկ վարազները՝250-ի:

 

«Ես և Գալուստ Նանյանը ներկա ենք եղել մեկ այլ սաֆարիի, որ կատարվել է Արարատի մարզում: Եվ տեղյակ ենք, թե ինչ է իրենից ներկայացնում ընդհանրապես որսը, որսագողությունը, դրանք իրարից շատ տարբեր բաներ են,- նշեց Սիլվա Ադամյանը,- իսկ սաֆարիի կազմակերպումը դա բավականին լուրջ պրոցես է: Կոնկրետ «Սաֆարի Ինթերնեյշնլ» ընկերության հետ կապված ես կարող եմ ասել, որ դեռ 2000-ական թվականներին Վարդգես Մաթևոսյանը դիմեց Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտ, որ ստեղծեն մի տարածք, որտեղ պետք է բազմացվեն բեզոարյան այծեր, հետո ըստ տարիքային անջատման, ըստ իրավիճակի պետք է որս կազմակերպեին էդ տարածքում: Ես կարող եմ ձեզ պաշտոնապես ասել, որ ես ներկա եմ եղել էդ պրոցեսներին, թե ինչպիսի գիտական խորհուրդներ էին կազմվել, ինչպես է քննվել էդ հարցը Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի մակարդակով: Եվ ինչպիսի լուրջ մոտեցում է եղել ուրեմն Սաֆարի ստեղծելու խնդրի շուրջ»:

 

Եղեգիսի կիրճում մուֆլոն չկա: Ըստ Գալուստ Նանյանի շատ ավելի լավ կլիներ, որ համացանցից վերցրած ու իրենց լրատվամիջոցներով լուրը տարածած լրագրողները մի փոքր հետևողական լինեին ու կենդանաբաններից ճշտեին, թե կադրում պատկերվածը մուֆլոն է, թե բեզոարյան այծ:

 

«Ամբողջ ցանցը ողողել էր լուրը մուֆլոնի մասին, այնինչ կատարվել էր բեզոարյան այծի որս: Լրագրողները պետք է մի քիչ հետևողական լինեին և գոնե պարզեին, թե ինչ տարիքային խմբում կարելի է իրականացնել այս կենդանիների որսը: Կային շատ հարցեր, որոնք պարզելու փոխարեն՝ ընդամենը բավարարվել էին պարզ աղմուկ բարձրացնելով»,- նկատեց Գալուստ Նանյանը։