lragir.am 2008 թ. Վրաստանի դեմ տարած հաղթանակից հետո Մեդվեդեւին առաջարկել էին հրավառություն կազմակերպել Մոսկվայում: Սակայն առավել ողջախոհ մարդիկ ժամանակին խորհուրդ տվեցին հետ կանգնել դրանից, խուսափելու համար անեկդոտային իրավիճակից: Ռուսաստանը բոլոր հիմքերն ունի նշելու 2013 թ. «սեպտեմբերի 3-ը» որպես Հայաստանի դեմ հաղթանակի օր: Ի դեպ, դա արդեն երկրորդ հաղթանակի օրն է: Առաջինը 1992 թ. հունիսի 13-ն էր, երբ ռուսական տանկերը ադրբեջանական եղբայրական բանակի շարքում հարձակվեցին Ղարաբաղի վրա:
Ճիշտ է, «սեպտեմբերի 3»-ից հետո Երեւանում հրավառություն եղավ, պարզվեց՝ Չեխիա-Հայաստան խաղի կապակցությամբ, սակայն Մաքսային միության համակիրները երեւում է դա ընկալեցին որպես սեփական մեծ հաղթանակն անիծյալ արեւմտականների դեմ:
Սակայն, Ռուսաստանն ու Հայաստանի նրա մարիոնետներն ընդամենը մեկ-երկու օր տոնեցին հաղթանակը: Շատ շուտով տիրեց սթափությունը, եւ Ռուսաստանի վարչապետի պարտականությունները կատարող մարդը՝ Մեդվեդեւը, հրապարակային խոստովանեց, որ Հայաստանը չի կարող լիարժեք մասնակցել Մաքսային միությանը: Այս հայտարարությունն այդպես էլ չմեկնաբանվեց հայկական մամուլում, սակայն դա չէ խնդիրը:
Ո՞րն է «սեպտեմբերի 3-ի» իրական արդյունքը Ռուսաստանի համար: Հայաստանը հայտնվեց միջազգային աննախադեպ մեկուսացման մեջ, եւ ծայրահեղ վնասակար քաղաքական իրավիճակում ստիպված է լինելու մշտապես դիմել Ռուսաստանին, իր խնդիրների լուծման համար, որոնք գնալով ավելի են շատանալու, ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական: Ռուսաստանի համար դրանք լինելու են անլուծելի խնդիրներ, քանի որ զենք եւ փող Հայաստանի համար չկա, փոխարենը ստիպված են զինել Ադրբեջանին: Միաժամանակ, ստիպված են պայմանավորվել Թուրքիայի հետ շատ հարցերով, ընդ որում՝ հանձնելով դիրքերը, այդ թվում՝ Հայաստանի շահերը:
Ռուսաստանը ձեռք բերեց լրացուցիչ սցենարներ՝ իր դեմ Արեւմուտքի քարոզչական եւ քաղաքական հարձակումների հարցում: Ընդ որում, տեղյակ մարդիկ լավ հասկանում են, որ ամերիկացիներն այս ողջ ժամանակ սպասել են եւ շուտով ձեռնամուխ կլինեն Ռուսաստանի դեմ նման հարձակման:
Մինչ «սեպտեմբերի 3-ը» Հայաստանում քչերն էին մտածում Ռուսաստանից հեռանալու եւ նրա հետ պայմանագրային հարաբերությունները փոխելու մասին: Արեւմուտքի հետ Հայաստանի մերձեցման ողջ ընթացքը աչքի էր ընկնում նրբանկատությամբ եւ զգուշությամբ, Ռուսաստանի հետ նույնիսկ նվազագույն դիմակայությունը բացառելու ցանկությամբ: Ընդ որում, այդ մտադրությունները չէին սահմանափակվում նոյեմբերի 29-ով (Վիլնյուսում Եվրոպական միության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման ամսաթիվը):
«Սեպտեմբերի 3-ը» հայտնություն էր (թեեւ պատմության մեջ ոչ առաջին անգամ), եւ Հայաստանում ու հայկական միջավայրում ձեւավորվելու է Ռուսաստանի հանդեպ թշնամական ոչ ֆորմալ կառույց: Հայ երիտասարդությունը Ռուսաստանում դառնալու է (եթե արդեն չի դարձել) բարենպաստ միջավայր տարբեր պետությունների հետախուզական գործունեության ծավալման համար: (Ինչպես ասում էր մի ռուսաստանցի դիվանագետ՝ «մենք ժամանել էինք բարեկամական երկիր, բայց հիմա «պաշարված վիճակում» ենք մի երկրում, որտեղ ողջ թափով ընթանում է քաղաքացիական պատերազմ»):
Ինչպես ասում էին Բաքվի ռոմանտիկ գողերի «քամուց քշված» միջավայրում, «հիշիր, եղբայր, եւ փոխանցիր մյուսին» - «սեպտեմբերի 3-ը» կդառնա ռուսական քաղաքականության տապալման խորհրդանիշը, իդեո-արտահայտիչը եւ կոնկրետ բովանդակությունը: Արդեն հիմա, ռուս հայկական «բարեկամությունը» եւ «գործընկերությունը» կարող են պայմանավորվել միայն հավանական ու անհավանական հակառակորդների հետ պատերազմով:
Սերժ Սարգսյանն իր խորհրդականներից ու զինակիցներից չի պահանջել մշակել որեւէ ռազմավարություն Ռուսաստանի հետ հարաբերություններում: Առկա են ընդամենը սպասումներ: Այսինքն, պետք է սպասել մինչեւ Եվրասիական միության նախագծի բաղկացուցիչ Մաքսային միության եւ այլնի փլուզմանը:
Սերժ Սարգսյանին հատուկ է «տապալման» չափանիշներով մտածողությունը, եւ տվյալ դեպքում դա թվում է բավական քաղաքական, թեեւ՝ ծայրահեղ ցինիկ եւ վերջին հաշվով՝ վնասաբեր: Այս մտքերին զուգահեռ կային նաեւ ուրիշները՝ եթե Եվրոպան այդքան խանդոտ ուզում է մեզ, ուրեմն հետո էլ կուզի, ապագայում: Ընդ որում, պետք է ընդունել, որ դրանից ամենեւին էլ «երեւանիզմի» հոտ չի գալիս, դա դասական «ղարաբաղիզմ» է (ինչպես արտահայտվել է մի իմաստուն պասիոնար գյումրեցի՝ ինտելեկտուալ-մարգինալ, էքստրասենսորային ընդունակություններով):
Ներկայում Ռուսաստանի առաջ խնդիր է դրված ոչ թե ցուցադրել մեծ հաղթանակը, այլ ջանալ, որ իրեն չծաղրեն: Մոսկվայում Հայաստանի բարեկամները (ոչ հայերը) գտնում են, որ դա «այնքան ծիծաղելի ու նվաստացուցիչ է, որ պետք է ողջ ուժով զսպել ծաղրալի արտահայտությունները, որովհետեւ դա հարվածում է ոչ այնքան Պուտինին, որքան Ռուսաստանին»: Եւ բացի դրանից, գործնականում ողջ հայկական ընդդիմությունը ստացել է այն, ինչին այդքան կրքոտ ձգտում էր, այսինքն...
Այնուամենայնիվ, այդքան համոզիչ հաղթանակի դեպքում նույնիսկ չեն կարողանում հանգստանալ ոչ ռուսները, ոչ էլ հայ-իմպերիալիստները: Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ միջակ ուղեղները սկսում են յուրացնել վիրավորական իրականությունը: Եւ հանգստանալ չեն կարողանում, քանի որ իրենց համար ստեղծվել է բարենպաստ միջավայր՝ գարշահոտ ճահիճ, որը փորձում էին շրջանցել մեկ ցատկով:
Մարդիկ, որոնք փորձում էին նույնիսկ ամենաանվնաս ձեւով մեկնաբանել քաղաքականությունը, նախ պետք է իմանան, թե ինչ է քաղաքականությունը (հարց՝ հայ քաղաքագետներից ո՞վ է համարել, որ Բաշար Ասադը շուտով հեռացվելու է, կամ այն, որ ԱՄՆ հարվածներ է հասցնելու Սիրիային:
Լրագիր կայքում, որը վաղուց եւ պարբերաբար կարդում են Հայաստանում շատ երկրների դեսպանատներում, այս հարցերին պատասխանել են վաղուց, ամենասկզբից ու բավական որոշակի):
Իգոր Մուրադյան