Ս/թ սեպտեմբերի 18-19-ին, ժամը 10:00-ին, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կկայանա ''Կաթվածի բուժումը 2013'' խորագրով միջազգային գիտաժողով, որը նվիրված է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներին: Գիտաժողովի ընթացքում հատուկ մշակված ծրագրով դասախոսություններ կկարդան միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ ԱՄՆ-ից և Կանադայից:

 

Բացման խոսքով հանդես կգան ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Գիտաժողովի բացմանը ներկա կլինեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, ''Սուրբ Գրիգոր Լուսավորիչ'' բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը, ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ''Էրեբունի'' բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանը:

 

Գիտաժողովի շնորհիվ ակնկալվում է բարձրացնել նյարդաբանների, նյարդավիրաբույժների, ռեանիմատոլոգների, ռադիոլոգների, շտապ օգնության և ընդհանուր պրակտիկայի բժիշկների տեղեկացվածությունը գլխուղեղի կաթվածների ժամանակակից բուժական մոտեցումների վերաբերյալ՝ դրանով իսկ նպաստելով այդ հիվանդների բուժման արդյունավետությանը:

 

Գիտաժողովի ավարտից հետո մասնակիցներին կտրվեն ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հաստատված սերտիֆիկատներ՝ համապատասխան կրեդիտներով: