Tert.am Սիրիայի իշխանությունները գոհ են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև կայացած համաձայնությունից՝ Սիրիայի քիմիական զենքի վերաբերյալ։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, Սիրիայի ազգային հաշտեցման հարցերով նախարար Ալի Հեյդարն ասել է, որ Դամասկոսը շնորհակալություն է հայտնել Մոսկվային՝ տարածաշրջանում պատերազմը կանխելու համար։

 

«Մենք ողջունում ենք այդ պայմանավորվածությունը։ Մի կողմից՝ դրանք կօգնեն սիրիացիներին դուրս գալ ճգնաժամից, իսկ մյուս կողմից դրանք կկանխեն Սիրիայի դեմ պատերազմը»,- ասել է Հեյդարը։

 

Նրա խոսքով՝ Լավրովի պայմանավորվածությունը Քերիի հետ «ապահովում են միջազգային աջակցությունը, որպեսզի սիրիացի ժողովրդի ներկայացուցիչները նստեն բանակցային սեղանի շուրջ և հաջորդ փուլի ընթացքում լուծեն ներքին խնդիրները»։

 

Նա նշել է, որ այդ համաձայնությունը հաղթանակ է Սիրիայի համար, որը հնարավորություն կտա լուծել Սիրիայի հետագա հարցերը, այլ ոչ միայն քիմիական զենքի խնդիրը։

 

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շաբաթ օրը Ժնևում բանակցություններ էին անցկացրել՝ Սիրիայի քիմիական զենքի վերաբերյալ և մի շարք համաձայնություններ ձեռք բերել, որոնք նախատեսում են 2014թ.-ի կեսերին վերացնել երկրի քիմիական զենքը։