henaran.am «Սեպտեմբերի 3-ին նախագահը միայն Մաքսային միությանը միանալու հայտարարություն չարեց, այլ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում քաղաքականությանբ ակտիվ զբաղվողների ու հասարակության գիտակցության մեջ մտավ այն գաղափարը, որ Հայաստանի հարցերը լուծվում են դրսում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

 

Նրա խոսքով` իշխանությունները չէին ցանկանում, որ այդ գաղափարը տարածվեր, սակայն սեպտեմբերի 3-ից հետո նրանք անակնկալի եկան ու հասկացան, որ 5 րոպեում Մոսկվան կարողանում է որոշումներ փոխել: «Նրանց համար էլ էր անակնկալ, որ Մոսկվան կարողացավ հինգ րոպեում հարց լուծել ու այսուհետ պետք է դիմել Մոսկվային որևէ հարց լուծելու համար» :

 

Ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում ակնկալվող փոփոխություններին. «Ներքաղաքական կյանքը, ճիշտ է, վերջին տարիների ընթացքում հիմնականում կախված է արտաքին աշխարհի քաղաքական զարգացումներից, բայց այսօր Մաքսային միություն մտնելու մասին նախագահի որոշումից ուղղակիորեն չի բխում, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում կարող են տեղի ունենալ քաղաքական լուրջ փոփոխություններ, մասնավորապես կոալիցիայի ընդլայնում, ինչու, որովհետև այդ հարցի համար անհրաժեշտ է երեք կողմի համաձայնություն»:

 

Ըստ փորձագետի` կոալիցիայի ընդլայնման հարցում նախևառաջ պետք է շահագրգռված լինի Մոսկվան` ՌԴ-ի ղեկավարությունը: «Եթե նա շատ ցանկանա, բնականաբար, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ստիպված կլինի հաշվի նստել նրա հետ:

 

Եթե Մոսկվան չեզոքություն պահպանի, ապա երկրորդ գործոնն է ի հայտ գալիս, դա նախագահի ցանկությունն է: Երրորդ գործոնն արդեն քաղաքական ուժերի ցանկությունն է»:

 

Բադալյանը նկատեց, որ կոալիցիայի մեջ, հավանական է, որ մտնեն ՀՅԴ-ը ու ԲՀԿ-ը, ՀԱԿ-ի և «Ժառանգության» պարագայում բացահայտ է դրա անհնար լինելը: