Tert.am ԱՄՆ նախագահի վարչակազմը հրաժարվել է քննել Սիրիայի զինյալներին զինամթերքի տրամադրման և ֆինանսավորման մասին դաշնային օրենքի դրույթը: Բարաք Օբաման իր այս որոշումը բացատրել է նրանով, որ նման մատակարարումներն ապահովում են ԱՄՆ-ի անվտանգությունը, հայտնում է Russia Today-ը:
Համաձայն զինամթերքի արտահանման մասին օրենքի՝ ԱՄՆ նախագահը կարող է հրաժարվել օրենքի այն դրույթներից, որոնք արգելում են սպառազինությունների մատակարարումը, վարկերի և իրավաբանական ծառայությունների տրամադրումն այն երկրներին, որոնք աջակցում են ահաբեկիչներին:
Բարաք Օբաման որոշում է կայացրել հետաձգել նման արգելքը, որպեսզի օգնի Սիրիայի ընդդիմության «փորձված զինյալներին» հաղթահարել քիմիական զենքի կիրառման հետևանքները: Այս հայտարարությունը հետևել է ՄԱԿ-ի զեկույցի հրապարակմանը, որում ասվում էր, որ Սիրիայում կիրառվել է զարին թունավոր գազ:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը հայտնել է, որ ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը հաստատում է, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական զենքը կիրառվել է նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի կողմից: