Lragir.am Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Հայկական ժամանակ թերթին տված հարցազրույցում ասել է, որ ինքն էլ է զայրացած Մոսկվայում հայկական եկեղեցու բացմանը Պուտինի բացակայությունից: Արա Աբրահամյանը, ով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճարտարապետներից» մեկն էր, իսկապես զայրանալու տեղ ունի՝ Պուտինը փաստացի արհամարհել էր նրա ջանքը:
Շատերն են նկատել, որ Սերժ Սարգսյանի դեմքին կար մռայլություն, Մոսկվայի եկեղեցու բացման արարողությանը: Ընդ որում, նա ավելի մռայլ էր, քան սեպտեմբերի 3-ին, երբ հայտարարում էր Մաքսային միությանն անդամակցելու մասին: Ըստ ամենայնի՝ նույն պատճառով՝ որ Պուտինը արհամարհել է ու ներկա չի եղել արարողությանը: Քանի որ, այդ «միջոցառման» հիմնական իմաստը եղել է հենց Պուտինի գալը:
Իսկ ինչո՞ւ պետք է Պուտինը չարհամարհեր ու ներկա լիներ մի «միջոցառման», որի մասնակիցները, «հեղինակներն» ու կազմակերպիչներն առանց դրա էլ անում են այն, ինչ ինքը հրամայում է: Հայաստանին Մաքսային միություն մտցնելու օպերացիան իրենից որեւէ բարդություն չէր ներկայացնում եւ առանձին ջանքեր չէր պահանջվում. ամեն ինչ արվում էր հայերի ձեռքով եւ հայերի փողերով: Ռուսական մամուլում հայերին վախեցնում էին, իսկ հայկական «իստեբլիշմենտը» Մոսկվայում եւ Երեւանում՝ քրեաօլիգարխիան, այսպես ասած քաղաքական ուժերը, փորձագետներն ու վերլուծաբանները երկրորդում ու մասսայականացնում էին այդ շանտաժը:
Ինչպե՞ս կարող էր Պուտինը գալ ու կանգնել նման զանգվածի կողքին: Եւ ամենեւին ոչ այն պատճառով, որ Ռուսաստանի համապատասխան շրջանակները որակապես ավելի բարձր են, քան հայկականը: Խնդիրն այլ տեղ է՝ արհամարհանքը, որը միշտ առկա է եղել Հայաստանի ու հայերի հանդեպ, այս անգամ «լրացվել» է Հայաստանի դեմ Ռուսաստանի «հաղթանակի» անիմաստությամբ եւ վտանգավորությամբ, եւ ենթադրում է որոշակի պարտավորություններ: Ծանր բան է, հոգեբանորեն չափազանց ծանր, երբ պարտավորություններ ես ստանձնում նրանց հանդեպ, ում արհամարհում ես, ում հանդեպ «հաղթանակը» դառնում է ծաղրի առարկա ոչ միայն ներսում, այլեւ դրսում:
Իսկ այդ հաղթանակը ծանր է նստել ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի վրա, որը հետայսու ստիպված է լինելու ստանձնել «հայկական խնդիրների» բարդ կծիկը: Սակայն, քանի որ ներկայիս ռեսուրսների ու տեխնոլոգիաների պարագայում դա անհնար է, Մոսկվան ելքեր է փնտրելու այդ խնդիրներից ազատվելու համար: Դա առաջին հերթին հայկական շահերը Թուրքիային ու Ադրբեջանին հանձնելու «տեխնոլոգիան» է, որը Ռուսաստանն արդեն կիրառել է մի քանի անգամ: Սակայն, այդ գործընթացն էլ ներկայում բավական խնդրահարույց է, նկատի առնելով ժամանակակից աշխարհում տեղի ունեցող տրանսֆորմացիաները:
Բացի այդ, Մոսկվայում գուցե նաեւ հասկացել են, որ Հայաստանի հանդեպ տարած «հաղթանակը» իրականում դարձել է Ռուսաստանի պարտությունը ոչ միայն տարածաշրջանի, այլեւ առավել գլոբալ մակարդակում՝ թե քաղաքական եւ թե տնտեսական մանեւրի առումով:
Անկախ ու Արեւմուտքի հետ ինտեգրված Հայաստանը կարող էր լինել Ռուսաստանի դաշնակիցը, իսկ հիմա այն բեռ է, ծանր բեռ, որից պետք է ազատվել, ինչպես հեռու ու համառ ազգականից, որը գնալու տեղ չունի: Եւ չի փրկի անգամ այդ ազգականի «միջոցառումից» փախչելը:
Ժամանակակից աշխարհի տեխնոլոգիան համագործակցությունն է բոլոր ուղղություններով, ոչ թե բալաստ հավաքելը, որը պետք է դեն նետել առաջին իսկ վտանգի դեպքում: Իսկ վտանգները բավական մեծ են նրանց համար, ովքեր համարժեք չեն ժամանակակից զարգացումների տրամաբանությանն ու տեխնոլոգիաներին:
Հայկ Արամյան