Նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունվարի 27-ին ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրած ելույթը, որ լի էր տողատակերով ու կոդավորված «մեսիջներով», մի չափազանց հետաքրքրական առանձնահատկությամբ էր աչքի ընկնում. այն, ըստ էության, բացահայտում էր վերջին ամիսներին հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցող պրոցեսների բուն էությունը, իշխանությունների վերաբերմունքն՝ այդ ամենին:


Ինչ խոսք՝ ելույթի ամենահետաքրքրական մասերից մեկն էլ վերջերս ակտիվ քաղաքականություն վերադարձած Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությանը վերաբերող հատվածն էր, ուր Սարգսյանն ուղղակիորեն հայտարարեց՝ ինքը չի ողջունել Գագիկ Ծառուկյանի վերադարձը՝ քաղաքական դաշտ:


Սա թեպետ բավական կարճ, բայց չափազանց խոսուն ու կոնկրետ հարցեր առաջացնող հայտարարություն էր, որն, անշուշտ, բխում էր մի շարք օբյեկտիվ գործոններից՝ բացահայտելով իշխանական շրջանակներում տիրող տրամադրությունները՝ պայմանավորված Ծառուկյանի ակտիվացմամբ:


Հարց է առաջանում. ինչո՞ւ են, այնուամենայնիվ, իշխանությունները բացահայտորեն դեմ արտահայտվում հե՛նց Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադարձին, ինչո՞ւմն է խնդիրը, չէ՞ որ, ասենք, իր նույն խոսքում՝ նախագահ Սարգսյանը դրական երևույթ էր համարել քաղաքական դաշինքների կամ ուժերի ձևավորումն ու նրանց մասնակցությունն՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

 

Բուն պատճառը՝ մեկն է անկասկած. Ծառուկյանը ոչ մի կերպ չի տեղավորվում իշխանությունների կողմից նախօրոք գծագրված ու մանրակրկտորեն պլանավորված քաղաքական խաղերի համատեքստում: Ինչո՞ւ, շատ պարզ պատճառով. նա անկախ է, նա ժողովրդականության գերբարձր աստիճան ունի, իր այս ակտիվացմամբ՝ խառնում է բոլորի խաղաքարտերն անխտիր՝ թե՛ իշխանությունների, թե՛ նրանց՝ իբր հակառակվողների, իր կերպարով ու էությամբ՝ զերծ է շատ քաղաքական գործիչներին հատուկ կլիշեներից, որ, ըստ էության, միմիայն նպաստում է նրա՝ հանրության կողմից ընկալելիությանը, Ծառուկյանը սովոր չէ ու երբեք չի գնացել կասկածելի գործարքների՝ իշխանության հետ, նախընտրելով անդավաճան գործելակերպն ու անկեղծությունը՝ նախևառաջ ժողովրդի հետ հարաբերություններում:


Իսկ ՀՀԿ վերարտադրության պրոցեսը, որի մի անքակտելի մասնիկ են նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունները՝ գոնե իշխանությունների ընկալումներում, ի սկզբանե ենթադրում էր գեթ մեկ բան, ենթարկվում էր ընդամենը մեկ փիլիսոփայության՝ հին հռոմեական: «Բաժանի՛ր, որ տիրես»-ը հենց այն ելակետն է, որից իշխանությունները բխեցրել են քաղաքական դաշտի կառավարման իրենց փիլիսոփայությունը. նրանք երբեք սովոր չեն եղել հաշվի նստել որևիցե այլ գործոնի հետ, քան՝ իրենց նեղկուսակցական շահերի ու անձնական ամբիցիաների բավարարման:


Եվ, քանի որ ընդդիմադիր դաշտի պառակտվածությունն ինքնաբերաբար նշանակում է իշխանական թևի հզորացում ու քվեների մսխում, ՀՀԿ-ն մշտապես ձգտել է թույլ չտալ քաղաքական դաշտում այն միավորող առանցքի առաջացմանը, որ կարող էր հարցականի տակ դնել նման բարդ ու բազմաքայլ կոմբինիացիաների արդյունք հանդիսացող գործելաոճի վերջնաարդյունքը. Ծառուկյանի նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքի պատճառը նրա ունեցած անսպառ պոտենցիալն է՝ դառնալու հենց այդպիսին, դառնալու այն առանցքը, որի շուրջ համախմբվելով, հասարակությունն ինչ-որ պահի կարող է անակնկալի բերել իշխանություններին, ստիպել հաշվի նստել իր հետ: Երևույթ, որից ուղղակի սարսափում է Հանրապետականը:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ