Հայաստանին մատակարարվող գազի սակագինն ամենացածրն է, որ Ռուսաստանը տալիս է որևէ երկրի: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը' Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում կայացած խորհրդակցության ընթացքում: Նախագահը նշեց, որ պայմանագիրը հինգ տարով ամրագրում է այս գինը, և այն կապակցված է Ռուսաստանի Դաշնության ներքին գների հետ, որոնք առանձնապես չեն աճելու կամ աճելու են առավելագույնը տարեկան մի նչև հինգ տոկոս: «Դա, իհարկե, ցանկալի չէ, բայց այնպիսին չէ, ինչ նախկինում էր: Ավելին՝ այս մասին գիտեն ոչ միայն մեր քաղաքացիները, այս մասին գիտեն նաև արտերկրյա գործարարները, որոնք տեսնելով կանխատեսելիությունը և գինը, արդեն մտածում են իրենց էներգատար արտադրությունները Հայաստանում տեղակայելու մասին»,-հայտարարել է ՀՀ նախագահը:

 

Արդեն առկա են նման օրինակներ: Նրանք անգամ համարում են, որ կարող են այստեղից իրենց արտադրանքն առանց խոչընդոտների արտահանել նաև Մաքսային միության այլ երկրներ: «Սա, իհարկե, շատ լավ է, բայց կա նաև երկրորդ հանգամանքը. մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է ստացվում, որ մենք ստանում ենք ամենաէժան գազը սահմանի վրա, բայց սահմանից մինչև իրենց բնակարան բավականաչափ թանկանում է: Եվ սրա մասին մենք քիչ ենք խոսում: Մենք պետք է խոսենք, հասկանո՞ւմ եք, սա մեր աշխատանքն է: Այս նախարարության աշխատանքն է նաև: Մենք պետք է մարդկանց բացատրենք, թե այդ գումարները որտեղի՞ց են առաջանում: Այդ ի՞նչ ավելացումներ են այդ էժան գազի վրա, որ բերում հասցնում են դրան: Մարդկանց պետք է բացատրել, որ մենք եթե այդ միջոցառումները չանցկացնենք, եթե խողովակ չփոխենք, եթե ժամանակակից սարքավորումներ չդնենք և այլն, վաղը, մյուս օրը մենք կարող ենք շատ մեծ խնդիրների առջև կանգնել: Մեզնից յուրաքանչյուրն է պարտավոր դա անել:

 

Այնպես եմ հասկանում, որ այստեղ նստած յուրաքանչյուրն ինձնից շատ լավ գիտի, թե ինչ է այդ ամենը նշանակում և նույնքան լավ գիտի, թե դեկտեմբերի 30, 31, 1-ին ի՞նչ քանակությամբ գազ և էլեկտրաէներգիա ենք օգտագործու մ, որը մի քանի անգամ գերազանցում է սովորական օրերի միջին ծախսը: Բայց որպեսզի կարողանանք դա անխափան օգտագործել, մենք պետք է ներդրումներ անենք: 30 տարվա խողովակով, 40 տարվա խողովակով չես կարող այդ ճնշումները բաց թողնել, չես կարող այդ մատակարարումներն անել: Ես ուրախ եմ, որ այս հարցով նաև Ազգային ժողովի հանձնաժողով է ստեղծվել: Սա շատ լավ, լուրջ առիթ է, որպեսզի մեկ անգամ ևս այս հարցերն ուսումնասիրվեն: Մենք թաքցնելու ոչ մի բան չունենք: Թող գնան ուսումնասիրեն, ներկայացնեն հանրությանը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին պետական այց կատարեց Հայաստան, որի շրջանակում ձեռք բերվեցին մի շարք կարևոր պայմանավորվածություններ և ստորագրվեց 12 փաստաթուղթ, այդ թվում' ՌԴ գազը ՀՀ-ին մատակարարումը Ռուսաստանի ներքին շուկայի գներով: