ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր ուղերձ է հղել' հայ ժողովրդին շնորհավորելով Հայաստանի անկախության օրվա առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասված է.«Նախագահ Օբամայի և Ամերիկյան ժողովրդի անունից սեպտեմբերի 21-ին Անկախության օրվա տոնակատարության առթիվ ես իմ ամենաջերմ բարեմաղթանքներն եմ հղում Հայաստանի ժողովրդին:
Միացյալ Նահանգներն ու Հայաստանն ամուր հարաբերություններ ունեն' հիմնված պատմական կապերի և փոխադարձ վստահության վրա: Ես հպարտ ու երախտապարտ եմ հայ համայնքից շատերի հետ ունեցած սերտ ընկերության համար: Որպես Հայաստանից դուրս ամենաշատ հայ բնակչություն ունեցող տարածքներից մեկը' Մասաչուսեթս նահանգը երեք տասնամյակ ներկայացրած անձ, ես առաջին ձեռքից եմ ծանոթ, թե դուք ինչ ներդրում եք ունեցել Ամերիկայի մշակույթի, ժողովրդավարության ու տնտեսական կենսունակության գործում:
Այսօր մեր երկրները համատեղ աշխատում են երկկողմ ու տարածաշրջանային դինամիկ օրակարգի վրա: Այնպիսի ֆորումներում, ինչպիսին է ԱՄՆ-Հայաստան տնտեսական աշխատանքային խումբը, մենք ակնկալում ենք մեր ժողովուրդների տնտեսական ու առևտրային կապերի հետագա ամրապնդումը:
Բոլոր հայերին ուրախ և բարգավաճ Անկախության օր, առաջիկա տարում' խաղաղություն և երջանկություն եմ մաղթում»: