Նախընտրական ագիտացիոն քարոզարշավն Ադրբեջանում նաև դպրոցներ է հասել։ Բաքվում, Սումգայիթում և երկրի այլ մարզերում աշակերտներին բաժանել են Իլհամ Ալիևի 2003-2013 թթ. գործունեության մասին պատմող գրքույկներ, գրում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը։

Ըստ նյութի՝ բրոշյուրները որակյալ տպագրական մակարդակով հրատարակել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարությունը։ Գրքույկի տպաքանակի և հրատարակչության մասին ոչինչ չի հաղորդվում, այնուամենայնիվ, խոսքը ոչ պակաս քան 100 հազար օրինակի մասին է, քանի որ 1-11 դասարանների բոլոր աշակերտները ստացել են այն։

Ըստ հոդվածի' ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը դպրոցներում գրքույկների տարածումը դիտում է որպես Ադրբեջանի գործող նախագահի լայնամասշտաբ նախընտրական քարոզարշավի իրականացում պետության հաշվին։

«Բնականաբար, երեխաները գրքույկները որպես ընտրական քարոզչական նյութ կտանեն տուն ընտանիքի մեծահասակ անդամների համար, որոնք հնարավոր ընտրողներ են» , - ասել է Ազգային խորհրդի հասարակայնության կապերի հանձնաժողովի նախագահ Մեհման Ալիևը։

Հոդվածում նշվում է, որ գրքույկները՝ վերնագրված «2003-2013. Նպատակները, զարգացումը, արդյունքները», Ադրբեջանում իրականացվող սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված պետական ծրագրերի մասին փաստաթղթերի հավաքածու է։ Գրքույկների բովանդակությունը չափազանց քաղաքականացված է, ձեռք բերված արդյունքները վերագրված են բացառապես Իլհամ Ալիևին։ Օրինակ՝ Սումգայիթին նվիրված 146 էջանոց գրքույկում գործող նախագահի անունը կրկնվում է 31 անգամ։ Նրա նկարը պատկերված է 35 էջում։

Հեղինակը գրում է, որ գրքույկում թվերով պատկերված են Սումգայիթի սոցիալական-տնտեսական «ձեռքբերումները»: Այնտեղ կա կասկածելի վիճակագրություն քաղաքում բացված նոր աշխատատեղերի մասին։ Նշված է, որ վերջին 10 տարիների ընթացքում բացվել է 47 716 նոր աշխատատեղ, որոնցից 31 036-ը՝ մշտական։ Սակայն, ըստ Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի, քաղաքում շինարարական կազմակերպությունների աշխատողների քանակը 2005-2011 թթ. 1794-ից կրճատվել է մինչև 1039, արդյունաբերական ձեռնարկությունների աշխատակիցներինը՝ 16 399-ից մինչև 13 733: Նշված տարիներին Սումգայիթում իրենց գործունեությունը դադարեցրել են 19 արդյունաբերական ձեռնարկություն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013թ. հոկտեմբերի 9-ին: Նախորդ նախագահական ընտրությունները կազմակերպվել էին 2008թ. հոկտեմբերի 15-ին: 2003թ. սկսած գործող նախագահ Իլհամ Ալիևն այդ պաշտոնում արդեն երկրորդ ժամկետն է անցկացնում: 2009թ. մարտին Ադրբեջանում հանրաքվե է կազմակերպվել Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու նպատակով: Ըստ այդ փոփոխությունների՝ միևնույն անձը կարող է նախագահական պաշտոնը զբաղացնել ավելի քան երկու իրար հաջորդող ժամկետով: Եվրոպայի Խորհրդի Վենեցիայի հանձնաժողովն այդ կապակցությամբ ասել է. «Մեկ անձին նախագահի պաշտոնում բազմիցս ընտրվելու հնարավորություն տալը գնահատվում է որպես ժողովրդավարության զարգացման գործում մեկ քայլ հետ»: