Հայաստանը երեկ տեղաբաշխել է առաջին եվրապարտատոմսերը միջազգային կապիտալի շուկայում: Գլխավոր տեղաբաշխողները՝ Deutsche Bank AG-ը, HSBC Bank plc-ը և J.P.Morgan Securities plc-ը հաջողությամբ ավարտել են պարտատոմսերի առաջին տեղաբաշխումը, փոխանցում է ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ըստ նույն աղբյուրի, եվրապարտատոմսերի թողարկման պայմաններն են՝ ծավալը՝ 700 միլիոն դոլար, մարման ժամկետը՝ 7 տարի, տոկոսադրույքը՝ 6 տոկոս:
Հայաստանի վարկանիշը Moody's-ը գնահատել է Ba2 կայուն, իսկ Fitch-ը՝ BB- կայուն:
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի խոսքերով՝ միջազգային փորձագետները բարձր են գնահատել առաջին սուվերեն եվրապարտատոմսերի տեղաբաշխման արդյունքները, և Հայաստանի մուտքը միջազգային կապիտալի շուկա համարում են հաջողված:
Նախարարի գնահատմամբ՝ այս թողարկումը դիվերսիֆիկացնում է երկրի ֆինանսական աղբյուրները և ստեղծում ուղենիշ, որը կարող են հետագայում օգտագործել երկրի մասնավոր հատվածի թողարկողները:
Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկած եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է 3 միլիարդ դոլարի սահմանը: