Հայաստանը մինչև տարեվերջ Համաշխարհային բանկից 75 միլիոն դոլարի վարկ կստանա: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի նոյեմբերի 19-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագիրը:
«Այս վարկը բյուջետային աջակցությա ն վարկ է, որն իր բովանդակությամբ էականորեն տարբերվում է մնացած վարկերից, որոնցում նախօրոք նպատակադրվում են, թե ինչ ծրագրերի համար են այդ ծախսերը կատարվելու: Սա բյուջետային աջակցության վարկ է, այնպես, ինչպես պետական բյուջեի բոլոր մուտքային միջոցները՝ հարկերը և դեֆիցիտի աղբյուրները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սաֆարյանը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն ընդգծեց, որ ՀՀ 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ներկայացվել է, որ ի թիվս այլ միջոցների, կառավարությունն իր տարբեր բնագավառներում իրականացվելիք բարեփոխումներն այն տեմպերով իրականացնի, որպեսզի հնարավորություն տա տարեվերջին առաջարկվող վարկը ստանալու համար: «2014թ. պետական բյուջեով նախատեսված էր 50 միլիոն դոլար, սակայն մեր քննարկումները Համաշխարհային բանկի հետ բերեցին նրան, որ այդ վարկի չափը 50 միլիոն դոլարից դարձել է 75 միլիոն դոլար»,- ընդգծեց նա:
Պավել Սաֆարյանը բացատրեց նաև, թե ինչու է այս հարցը ներկայացվել արտահերթ նիստի քննարկմանը: Նա ընդգծեց, որ Համաշխարհային բանկի խորհուրդն ընդամենը 2 շաբաթ առաջ է հաստատել այս վարկային ծրագիրը, որն անցել է նաև ներպետական ընթացակարգը: «Համանման վարկային ծրագիր նախատեսված էր նաև անցած տարի և հաստատվեց միայն այս ժամանակահատվածում»,- ընդգծեց Սաֆարյանը:
Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը 14.5 տարի է: Վարկի տոկոսադրույքը կազմում է ընդամենը 0.8 տոկոս: Պավել Սաֆարյանի խոսքով՝ սա շատ արտոնյալ վարկ է:
Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ տեսչական, մաքսային, օդային փոխադրումների ոլորտներում բարեփոխումների, գրավի բնագավառում օրենսդրական փոփոխությունների և քաղաքացիական ծառայության և էլեկտրոնային բնագավառներում իրականացված բարեփոխումների համար Համաշխարհային բանկը որոշել է Հայաստանին տրամադրել արտոնյալ պայմաններով այս վարկը:
Հայաստանը պետք է մինչև դեկտեմբերի 18-ը ծանուցում ներկայացնի Համաշխարհային բանկին, ինչից հետո 75 միլիոն դոլար վարկային միջոցները կփոխանցվեն ՀՀ պետական բյուջե: