Համաշխարհային բանկը 75 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բյուջետային վարկ կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը: Այդ նպատակով նոյեմբերի 19-ին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Բեյլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագիրը:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարկը տրվում է արտոնյալ պայմաններով' 25 տարի մարման ժամկետով, որից 14.5-ը' արտոնյալ, և լողացող տոկոսադրույքով (6-ամսյա ԱՄՆ դոլարի LIBOR + փոփոխական մարժա (0.5 %)):

 

 

Նման բյուջետային վարկերը հնարավորություն են տալիս ֆինանսավորելու բյուջեով նախանշված կարևորագույն ծախսերը, մեղմելու դեֆիցիտը և ապահովելու կայուն զարգացում: Վարկն ստանալու համար հայկական կողմը կատարել է Համաշխարհային բանկի նախանշած բոլոր թիրախները' գործարար միջավայրի բարելավման' տեսչական բարեփոխումների, օդային փոխադրումների և մաքսային բարեփոխումների ոլորտներում:

 

Նախապայմանները վերաբերել են նաև վարկային հասանելիության մակարդակի, պետական կառավարման արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը, մասնավորապես' քաղաքացիական ծառայության բարեփոխմանն ու էլեկտրոնային կառավարմանը, ինչպես նաև ֆիսկալ տարածության բարելավմանը և բնական ռեսուրսների կառավարմանը, այդ թվում' հարկային եկամուտների հավաքագրմանը, հանրային ենթակառուցվածքների կայունացմանը, հանքային ոլորտում բնապահպանական կայունության ավելացմանն ու սոցիալական աջակցության ընդլայնմանը: