Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Երևանի հետ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրության, որով նախատեսվում է բացառել այլ երկրի զինվորականների ներկայությունը Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներում: Այն, որ Հայաստանի տարածքում չեն կարող տեղակայվել երրորդ երկրի զինվորականներ՝ ապրիորի հայտնի է. այդ գործընթացը կարգավորվում է 2013 թվականին կքնված ՀԱՊԿ համաձայնագրով, հետևաբար, կարելի է ենթադրել, որ Լավրովը նկատի ուներ հենց ռուսական զորքերի դուրս բերումը Հայաստանի տարածքից:
Տեղեկություն եղավ, որ ամիսներ առաջ ռուսական կողմը նման առաջարկ էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն հայկական կողմը մերժել էր, ասել է թե՝ ռուսներն ունեն իրենց զորքերը դուրս բերելու ցանկություն, այլ բան է՝ բխո՞ւմ է դա այս պահին Հայաստանի շահերից, թե՝ ոչ: Մյուս կողմից, կարելի է ենթադրել, որ ռուսները պարզապես ապահովագրում են իրենց՝ փորձելով կանխել հետխորհրդային երկրների մերձեցումը ՆԱՏՕ-ի հետ:
Լավրովն անդրադարձել էր նաև Երևանում գործող ամերիկյան կենսաբանական լաբարատորիաներին: Դրանք Հայաստանի ենթակայության տակ գտնվող լաբորատորիաներ են, որոնք ստեղծվել են ամերիկյան աջակցությամբ, և որոնց նպատակն է տարատեսակ վտանգների, ահաբեկչության ձևերի հանդեպ Հայաստանի կենսունակության բարձրացումը, կարողությունների ընդլայնումը:
Ամռանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը մուտք է տալիս ռուս մասնագետներին այդ լաբորատորիաներ, և դա նոր չէ՝ դա արել են նախկին իշխանություններն էլ: Այժմ, սակայն, Ռուսաստանի արտգործնախարարը խոսում է, փաստորեն, այն մասին, որ կստորագրվի համաձայնագիր, որը կբացառի այլ երկրի զինվորականների ներգրավումն այդ լաբորատորիաներ: Ընդ որում, հետաքրքիր է, որ իր հարցազրույցում Լավրովը չի անդրադարձել Ադրբեջանում գործող նմանատիպ լաբորատորիաներին. կարելի է ենթադրել, որ ռուսական կողմը նմանատիպ համաձայնագիր կնքելու առաջարկ է արել նաև Բաքվին, սակայն մերժում է ստացել: Իսկ ի՞նչ է ստանալու Հայաստանը՝ համաձայնելու դեպքում:
Ս.Խաչատրյան