Ազգային պատկերասրահում ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սենսացիոն հայտարարություն է արել: «Ազգային անվտանգության ծառայությունում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ Ազգային անվտանգության ծառայության նյութեր են ոչնչացրել»,-ասաց վարչապետը:
 
Փաշինյանի այս հայտարարությունը բնավ էլ շարքային չէ: Բանն այն է, որ նախկին իշխանությունների կողմից ինչ-ինչ նյութեր ոչնչացնելու մեղադրանքը Փաշինյանի համար փայլուն «ստրախովկա» է, որով նա կկարողանա հետագայում մանևրել: Օրինակ, նա կարող է հայտարարել, որ հարուցված քրեական գործերը մեկը մյուսի հետևից քանդվում են՝ բավարար ապացույցներ չլինելու պատճառով: Իսկ ո՞վ է այդ ապացույցները ոչնչացրել՝ նախորդ իշխանությունները: Մյուս կողմից, Փաշինյանը հող է նախապատրաստում անցումային արդարադատության անցնելն ավելի լեգիտիմ դարձնելու համար: Փաստացի, նա կարող է հղում անել նյութերի ոչնչացմանը՝ պնդելով, որ այլ ելք իշխանությունները պարզապես չունեն: Ինչպես երևում է՝ հերթական փայլուն առիթն է ստեղծվում՝ սեփական սխալները, բացթողումները նախկինների վզով անելու համար…