Մեր երկրում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ բացահայտել է օրերս Բրյուսելում Նալբանդյան-Մոգերինի հանդիպման արդյունքում ստորագրված ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթում առկա հիմնական կետերը: Սվիտալսկու նման արձագանքը պայմանավորված է վստահության այն պաշարով, որն այսօր ԵՄ-ն տածում է հայաստանյան իշխանությունների հանդեպ: Նման քայլով Եվրոպական միության գործընկերները փորձում են մի կողմից ապահովագրվել, մյուս կողմից՝ հանրությանը ներկայացնելով իրերի իրական դրությունը ստիպել իշխանություններին՝ գործել առավել թափանցիկ և լինել հաշվետու՝ առաջին հերթին քաղաքացիական հասարակության առջև:
Սվիտալսկին առանձնացրել է պաշտոնական Երևանի այն տնային աշխատանքները, որոնց վրա հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել, և որոնց կատարողականի հարցում հայաստանյան իշխանությունները թերանում են՝ չդրսևորելով առանձնակի քաղաքական կամք: Խոսքը վերաբերում է ընտրական գործընթացների բարելավման և կոռուպցիոն ռիսկերի նվազման հետ: Ակնհայտ է, որ ԵՄ կողմից ավելին էր ակնկալվում, քան այսօր պատրաստ են զիջել իշխանությունները: Միևնույն ժամանակ Սվիտալսկին հստակ մեսիջ է հղում՝ կապված ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացման հետ: Այդ գործընթացը կմեկնարկի միայն այն ժամանակ, երբ պաշտոնական Երևանը կապացուցի իր հավատարմությունը իրական եվրոպական արժեհամակարգին:
Իշխանությունների համար բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Ո՞վ կմտածեր, որ Եվրոպան «փափուկ ուժի» գործադրմամբ ոչ միայն «կպարտադրեր» Սերժ Սարգսյանին ստորագրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, այլև կկարողանար տեղափոխել նրան «եվրոպական քաղաքակրթության արժեհամակարգ» և երեք ամսում այնպես «կեվրաինտեգրեր», որ Հայաստանի քաղաքացիներն ամեն անգամ սեփական իշխանություններին անիծելիս լրջորեն առիթ կունենային նաև խորհելու, թե ի վերջո ինչ ասել է «եվրոպական արժեհամակարգ»: Այսքանից հետո հարց է ծագում, թե Հայաստանի շարքային քաղաքացու էլ ինչի՞ն էր պետք եվրաինտեգրվելը: Եվ, առհասարակ, հարց է նաև այն՝ Հայաստա՞նն է հիմա գործում եվրոպական արժեհամակարգում, թե՞ եվրապաշտոնյաներն են փոխել իրենց արժեհամակարգը՝ ընտրելով մեր իշխանությունների խաղի կանոնները…
Ստելլա Խաչատրյան