Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից 84 մլն դոլարի աջակցություն է սպասում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: «Օգնությանը մենք սպասում ենք անդամակցության անցումային փուլի հաղթահարման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

 

ԵՏՄ անդամ դառնալուց հետո Հայաստանում այդ միության անդամ երկրների մաքսավորների աշխատանքի հնարավորության մասին հարցին նա պատասխանելով' նա ասաց. «Համապատասխան աշխատակիցներ կլինեն, ում հետ միասին կաշխատենք: Բազմաթիվ հարցեր կան. մենք հիմա 240 մաքսային կարգավորումների վրա ենք աշխատում, ծավալուն ու բարդ ընթացակարգեր են»:

 

Անդրադառնալով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ տեղադրելու հնարավորությանը՝ Գագիկ Խաչատրյանն ընդգծեց, որ նման հարց ներկա փուլում չի քննարիկվում:

 

Հարցին ի պատասխան, թե ինչ վնասներ է կրել Հայաստանի տնտեսությունը կոնկրետ այս տարի՝ պայմանավորված ՌԴ նկատմամբ սահմանված պատժամիջոցներով, նախարարը նկատեց, որ դրանք են տնտեսության որոշ ճյուղերի աճի նվազումը, տրանսֆերտների, ֆինանսական հոսքերի նվազումը, արտահանման հետ կապված խնդիրները:

 

«Հիմա արտահանողները խնդիր ունեն՝ պայմանավորված Ռուսաստանում դոլարի ու ռուբլու փոխարժեքով, դրանք պետք է համապարփակ գնահատել ու ասել' հիմա պետք չէ կանխատեսել: Կանխատեսումները լավ բան չեն, պետք է գնահատել հստակ, որպեսզի հետո կողմնորոշվել, թե ինչ ուղղություններով պետք է աշխատել»,- պարզաբանեց Գագիկ Խաչատրյանը: