ԱՄՆ-ի քաղաքացի Էրիկ Հարրունը, ով մասնակցել է սիրիական ապստամբությանը ապստամբների կազմում և որին ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրանք են առաջադրել ահաբեկչական խմբավորումների գործունեությանը ներգրավված լինելու համար, ազատ է արձակվել: Այդ մասին սեպտեմբերի 20-ին հայտնում է Associated Press-ը. գրում է Lenta.ru-ն:
Հարրունն ազատ է արձակվել հետաքննության հետ գործարքի գնալուց հետո: Գործարքի մանրամասները գաղտնի են: Հայտնի է միայն այն, որ Հարրունը մասնակի ընդունել է իր մեղավորությունը մեղադրանքի մի շարք կետերով, իսկ որպես պատիժ' դատարանն ընդունել է ԱՄՆ-ում կալանքի տակ անցկացրած կես տարին:
2012թ. նոյեմբերին 30-ամյա Էրիկ Հարրունը, ով մինչ այդ երեք տարի ծառայել էր ԱՄՆ-ի բանակում, ժամանել էր Թուրքիա, իսկ այնտեղից անցել սիրիական սահմանը' հույս ունենալով միանալ Սիրիական ազատ բանակին: Սակայն արդյունքում նա անդամագրվել է «Ջաբհաթ ան-նուսրա» ծայրահեղական խմբավորմանը, որն ԱՄՆ-ում ճանաչված է որպես ահաբեկչական:
«Ջաբհաթ ան-նուսրայի» շարքերում նա մասնակցել է մի շարք օպերացիաների և Facebook-ի իր էջում գրել, որ իրեն հաջողվել է նռնականետի օգնությամբ ոչնչացնել սիրիական բանակի մի ուղղաթիռ:
Հարրունին ձերբակալել են մարտի 27-ին, երբ նա վերադարձել է ԱՄՆ: