Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է որոշում, որով արձանագրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի իրավունքների խախտում:

 

Մասնավորապես, Պաշտպանը հաստատված է համարել, որ տեղի է ունեցել կալանավորված անձի իրավունքների խախտում' կապված անձի առողջական վիճակի և քրեակատարողական հիմնարկում նրան բժշկական օգնության ցուցաբերման հետ:

 

Այս կապակցությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է որոշում կալանավորված անձին կալանքից ազատելու և նրա նկատմամբ կալանքի փոխարեն գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին՝ հիմք ընդունելով նաև խախտում արձանագրելու մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում անդրադարձել է նաև ՀՀ արդարադատության նախարարությանն ուղղված Պաշտպանի դիմումին, համաձայն որի՝ վերջինս անհրաժեշտ է համարել կալանավորված անձին անհապաղ տեղափոխել համապատասխան առողջապահական մասնագիտացված բուժական հիմնարկ: Դատարանն իր որոշմամբ հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Մարդու իրավունքների պաշտպանը հաստատված է համարել ազատությունից զրկման վայրում բուժման պայմանների հետ կապված կալանավորված անձի իրավունքների խախտումը:

 

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Պաշտպանի որոշմանն արված վկայակոչումները, ինչպես նաև ազատությունից զրկման վայրում գտնվող անձի առողջական վիճակի և դրա հետ կապված' նրա պահման պայմանների վերաբերյալ դատարանի իրավական վերլուծությունները: