Tert.am Նայրոբիի առևտրի կենտրոնում սպանդ կազմակերպած գրոհայինների թվում է Մեծ Բրիտանիայի 29-ամյա քաղաքացի Սամանտա Լյութուեյթը, որը 2005-ին լոնդոնյան մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներից մեկի այրին է, հայտնում է Обозреватель-ը:
Հաղորդվում է, որ «Ալ-Շաբաբ» խմբավորման գրոհայիններն անձամբ են Twitter-ում հայտնել իրենց շարքերում «սպիտակ այրու» գտնվելու մասին, ում նրանք գովերգում են որպես «խիզախ լեդի»: Հատուկ ծառայությունները նրան փնտրում են արդեն մի քանի տարի:
Խմբավորման տվյալներով' բացի Լյութուեյթից, իրենց շարքերում մարտնչում են նաև երկու «սուրբ մարտիկներ» Լոնդոնից, որոնք 23 և 24 տարեկան են և, դատելով նրանց անուններից, մուսուլմանական արմատներ ունեն: Գրոհայինների թվում կան նաև երեք ամերիկացի՝ Մինեսոտայից և Կանզասից:
Սակայն «Ալ-Շաբաբ» խմբավորման բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հերքել է բոլոր տեղեկությունները: Նրա խոսքով՝ գրոհայինների թվում չկան ոչ անգլիացիներ, ոչ ամերիկացիներ:
«Սպիտակ այրու» մասին լուրերը նա նույնպես հորինված է անվանել: