Սեփական իշխանությունը կորցնելու վտանգը Սերժ Սարգսյանին ստիպեց մտնել Մաքսային միություն: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց Արևելյան գործընկերության Ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը՝ հակադարձելով իշխանական շրջանակներից հնչող այն պնդումներին, թե Մաքսային միություն մտնելով Հայաստանի ղեկավարը նախ և առաջ հաշվի է առել երկրի անվտանգության խնդիրները։

 

«Այսօրվա իշխանության կայունությունը և երկրի ղեկի մնալը իրոք հարցականի տակ կդրվեր, որովհետև այն բոլոր շատ հզոր ուժերը Հայաստանում, որոնք շահագրգռված չեն երկրի ժողովրդավարացմամբ և երկրում ազատ տնտեսական գործընթացների սկզբնավորմամբ, գումարած Ռուսաստանի աջակցությունը այդ ուժերին, իրոք վտանգ էր ներկայացնում ներկա կառավարության, ներկա նախագահի իշխանության համար»,- ասաց Նավասարդյանը։
Հարցին, թե այսինքն՝ Ռուսաստանը կփորձե՞ր իշխանափոխություն իրականացնել Հայաստանում, Նավասարդյանը պատասխանեց. «Միանշանակ այդ ուղղությամբ կգնար այստեղ։

 

Երբ մենք խոսում ենք վտանգների մասին, հենց դա է հիմնական վտանգը, որը դրդեց մեր նախագահին անել այդ հայտարարությունը՝ սեփական իշխանությունը կորցնելու վտանգը»։