Թուրքիայի իշխանություններն են թույլատրել երկրի տարածքով «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը կից իսլամիստական «Ալ Նուսրա ճակատ» և «Իսլամի ճակատ» խմբավորումների մուտքը Սիրիայի հայաշատ Քեսաբ քաղաք: Նման պնդումով այսօր հանդես է եկել թուրքական haber.sol.org.tr լրատվական կայքը՝ հրապարակելով դա ապացուցող տեսագրություն:

 

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են ահաբեկչական խմբավորումները թուրքական իշխանությունների աջակցությամբ մտել Քեսաբ: Տեսագրությունը նկարահանել են Թուրքիայի Յայլադաղ կոչված սահմանակետով հանգիստ կերպով Քեսաբ մտած իսլամիստական խմբավորումների զինյալները, որտեղ ոչ մի թուրք աշխատակից չի միջամտում նրանց գործին:

 

Թուրքերը սիրիացի զինյալներին այդքան հանգիստ կերպով թույլ են տվել Քեսաբ մտնել այն բանից հետո, երբ Թուրքիայի օդուժը կործանել է Սիրիայի տարածքում ահաբեկիչներին հետապնդող սիրիական ռազմական ինքնաթիռը:

 

Տեսագրության ձախ վերևի մասում երևում է «Ալ Նուսրա ճակատ» և «Իսլամի ճակատ» խմբավորումների զինանշանները: Տեսագրությունը նկարահանողը հայտնում է, որ տեսանյութում երևացողները հիշյալ ճակատների «Էնսար ուշ Շամ» շարժման ներկայացուցիչներն են, որը հանդիսանում է «Ալ Քաիդայի» սիրիական թևը:

 

Տեսանյութում մարտիները ձեռքները թափ տալով անցնում են թուրքական Յայլադաղ սահմանակետը: Որևէ խոչընդոտի չհանդիպող ջիհադականները 50-60 մ անցնելուց հետո հասնում են Քեսաբի սահմանակետ, որտեղ նրանց դիմավորում են «Ալ Նուսրա ճակատին» կից չեչենական ջոկատի մարտիկները:

 

Մարտի 21-ի վաղ առավոտյան «Ալ Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով և ալևիներով բնակեցված Լաթաքիայի շրջանում: Ահաբեկիչների 2 խոշոր խմբեր հարձակման են անցել Թուրքիայի տարքածքից: Սիրական մամուլը հայտնել է, որ ահաբեկիչների կազմում եղել են մեծ թվով ադրբեջանցի և թուրք ջիհադականներ: