Տեղական ինքնակառավարման մարմինների մարտի 30-ին անցկացված ընտրություններում Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորած, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) տարած վճռական հաղթանակից հետո (46 տոկոս ձայներ) թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Էրդողանն ու երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլն առաջիկայում պաշտոններում կփոխարինեն միմյանց: Թուրքիայում օգոստոսին տեղի կունենան հերթական նախա գահական ընտրությունները:

 

Ինչպես հաղորդում է թուրքական T24 ինտերնետային թերթը, Գյուլի եւ Էրդողանի միջեւ պաշտոնները փոխանակելու շուրջ գործընթացն արդեն սկսվել է: Ի դեպ, Աբդուլլահ Գյուլը, ԱԶԿ-ի հիմնադիրներից է եւ Էրդողանի մոտ ընկերն է: 2002թ-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Թուրքիայի վարչապետ Գյուլը նախագահ դարձավ, քանի որ այդ պաշտոնն զբաղեցնելու համար Էրդողանին խանգարեցին որոշ օրենսդրական խոչընդոտներ:

 

Նշվում է, որ ԱԶԿ-ի ետնաբեմի խոսակցությունների համաձայն' Բայբուրթի (Բաբերդ) նահանգից ընտրված ԱԶԿ-ական մի պատգամավոր պետք է միտումնավոր հրաժարական տա, եւ նրա թափուր տեղի համար թեկնածու պետք է առաջդրվի Աբդուլլա Գյուլը: Խորհրդարան մտնելուց հետո էլ Գյուլը կնշանակվի Թուրքիայի վարչապետ, ինչով կբացվի Էրդողանի' երկրի նախագահ դառնալու ճանապարհը:

 

Թուրքական տարբեր ԶԼՄ-ներ հիշեցնում են, որ 2002թ-ին նույն մարտավարությունը կիրառվել էր Էրդողանին պատգամավոր ընտրելու, այնուհետեւ վարչապետ նշանակելու համար: Էրդողանի առաջադրվելու համար հրաժարական էր տվել ԱԶԿ-ի' Սիիրթից ընտրված մի պատգամավոր, ինչի շնորհիվ Էրդողանը մտավ խորհրդարան եւ նշանակվեց կառավարության ղեկավար:

 

Թուրքական մամուլում համառորեն շրջանառվող լուրերի համաձայն' 2014թ-ի օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններում ԱԶԿ-ն նախագահի թեկնածու է առաջադրելու Էրդողանին, ով 51 տոկոս ձայներ ապահովելով' ընտրվելու է Թուրքիայի նախագահ, իսկ ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը Էրդողանին փոխարինելու է ԱԶԿ-ի առաջնորդի եւ վարչապետի պաշտոններում: