Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանն աշխատում է Իրանի օգտին: Նման սենացիոն տեղեկություն են հրապարակել արդի իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի համայնքին մոտ կանգնած թուրքական թերթերը:

 

Թերթերը հայտնել են, որ Հաքան Ֆիդանը հանդիսանում է «Հզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության անդամ: «Գյուլենական համայնքին» մոտ կանգնած մամուլը նույնիսկ դրա հետ կապված հատուկ գաղտնի փաստաթուղթ է հրապարակել:

 

Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ Հաքան Ֆիդանը, ով ծագումով քուրդ է, գաղտնի կապեր ունի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ:

 

Թուրքիայի իշխանամետ մամուլն անմիջապես հայտնել է, որ չի հավատում այդ տեղեկություններին:

 

Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել են թուրքական կառավարության անդամների, այդ թվում' վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են «գյուլենական համայնքի» հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը:

 

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: