ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, քննարկվել է երկրորդ ընթերցման ներկայացված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և դրա հետ կապված 14 օրենքներում լրացումներ և փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ ներկայացվել է 101 առաջարկ, որոնցից 89-ը ընդունվել են ամբողջությամբ, 4-ը՝ մասնակիորեն, 3-ի վերաբերյալ ներկայացվել է պարզաբանում, իսկ 5-ը մերժվել է: Փոփոխությունները հիմնականում խմբագրական բնույթի են:
Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է, որ մի շարք հոդվածներ հիմնականում առնչություն չունեին փողերի լվացման և ահաբեկչության հետ, ուստի կառավարությունը իրավացիորեն որոշել է հանել դրանք: Նրա գնահատմամբ՝ կատարված փոփոխություններով հիմնականում փարատվել են մտահոգությունները, բայց դեռևս կան խնդրահարույց մի քանի հարցեր. Կորյուն Նահապետյանը մասնավորապես առաջարկել է օրենսդրական տեխնիկայի առումով ամբողջացնել և հստակեցնել «ահաբեկչություն» հասկացության ձեւակերպումը և թվարկել դրա բոլոր դրսեւորումները, իսկ քանի որ շահումով խաղերի և խաղատների գովազդի արգելանք է նախատեսված, նա առաջարկել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ամրագրել նաև համապատասխան վարչական տույժերը:
Հանձնաժողովի նախագահի տեսակետները ընդունելին էին նաև հանձնաժողովի անդամների համար:
Եզրափակիչ ելույթում Արթուր Ջավադյանը, ընդունելով դիտողություններն ու առաջարկները, հավաստիացրել է, որ առաջիկա երեք օրերի ընթացքում աշխատանքային կարգով դրանք կքննարկվեն ու կներառվեն օրինագծերի փաթեթում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ինչպես երկրորդ ընթերցման ներկայացված ամբողջ փաթեթի, այնպես էլ առաջին ընթերցման ներկայացված այն հոդվածների վերաբերյալ, որոնք նախագծերից հանվել կամ նոր էին ներառվել:
Հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև հանձնաժողովի գործունեությանը, մասնավորապես աշնանային նստաշրջանում խորհրդարանական լսումների թեմաներին, անցկացման ժամկետներին, հանձնաժողովի՝ ուժային տարբեր կառույցներ կատարվելիք այցերին առնչվող հարցեր: