YerevanNews.am Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հոկտեմբերի 7-ին կկայանա Արմինե Գ.-ի գործի դատական քննությունը:
Արմինեն մեղադրվում է անչափահաս Ի.-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ինչպես նաև փողոցում հայտնված երեք անչափահաս աղջիկների սեռական շահագործման ենթարկելու համար:
21-ամյա Արմինեն, ով նույնպես անչափահաս է թվում, ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի ամռան ընթացքում նպաստել է անչափահաս Ի-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն. նրա համար հաճախորդներ է գտել, նախապատրաստել հանդիպումները, օտարազգի հաճախորդների դեպքում ուղեկցել անչափահաս մարմնավաճառուհուն: Ապահովության համար նրան տրված գումարը Արմինեն պահել է իր մոտ և յուրաքանչյուր 10 հազար դրամից վերցրել է 3-4 հազար դրամը:
Բացի սրանից, ըստ մեղադրանքի, Արմինեն երկու և ավելի երեխաների սեռական շահագործման ենթարկելու դիտավորությամբ գտել է ծնողական հսկողությունից դուրս մնացած երեք անչափահաս աղջիկների, «օգտվել նրանց՝ երեխա լինելու հանգամանքից» ու կեղծ խոստումներ է տվել զվարճանքի վայրեր տանելու, նրանց համար շորեր, զվարճանքի առարկաներ, հարդարման պարագաներ գնելու, բարեկեցիկ կյանք ապահովելու վերաբերյալ: Արմինեն, առաջադրված մեղադրանքի համաձայն, շրջել է օպերայի, կասկադի տարածքներում, մոտեցել պարսիկ երիտասարդների, բանակցել ու տասը հազար դրամի դիմաց սեռական հարաբերություններ առաջարկել անչափահաս աղջիկների հետ:
Նա, ըստ մեղադրանքի, աղջիկներին տարել է պարսիկների բնակարանները, «ուղղորդել», որ սեռական հարաբերություններ ունենան այլազգի հաճախորդների հետ:
Արմինեն աղջիկների «վաստակած» 10 հազարական դրամները խաբեությամբ վերցրել է, մի դեպքում էլ բռնություն է գործադրել՝ աղջկան հարվածել է, գետնին գցել ու փողը ձեռքից խլել: Տիրանալով սեռական հարաբերությունների դիմաց անչափահաս աղջիկների ստացած գումարներին՝ Արմինեն, այսպիսով, առաջադրված մեղադրանքի համաձայն, նրանց ենթարկել է սեռական շահագործման:
Արմինեն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 262 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
Այսօրվա նիստին չներկայացավ մեղադրողը: Չներկայացան նաև անչափահաս տուժողները, նրանց մի մասի ներկայացուցիչները:
Անչափահաս Մարինե Հ.-ի մայրն էր միայն եկել՝ առանց դստեր: Նա դեռ միջանցքում ասում էր. «Կյանքում սենց տեղեր չէինք գնացել...»: Հետո մոտեցավ դատական նիստի դահլիճին, բաց դռնից ներս նայեց ու հարցրեց. «Կարելիա՞»: Պատասխանող չեղավ, որովհետև նիստը չէր սկսվել:
Նախագահողի հարցին, թե ինչու Մարինեն չի ներկայացել, մայրը պատասխանեց, թե դուստրը, դատարանի ծանուցագիրը ստացել ու արդեն մի շաբաթ տնից փախել է: «Նա վախենում է, որ նորից իրեն կծեծեն, չի ուզում դատարան գալ»:
Նախագահողը հարցրեց, թե որտե՞ղ են ծեծել Մարինեին, որ նա վախենում է դատարան գալ: Դատարանում, ասաց դատավորը, ոչ ոքի չեն ծեծում, մենք երաշխավորում ենք, որ ձեր դստերը դատարանում ոչինչ չի սպառնում: Նա պետք է ներկայանա ու ցուցմունք տա...
«Անցած դատին ես ուշացած եկա, միջանցքում մի տղամարդ հանդիպեց, ու նա էլ ասաց, որ աղջիկս անպայման պիտի ներկայանա: Ես աղջկաս ասի, բայց ինքը վախենում է...»,- ասաց տուժողի ներկայացուցիչը:
Մյուս անչափահաս տուժողների վերաբերյալ կային ոստիկանության տրամադրած տեղեկանքներ, թե աղջիկները փոխել են բնակության վայրը, տվյալ պահին նշված հասցեում չեն բնակվում, անհայտ է գտնվելու վայրը և այլն: Իսկ դատավարության անչափահաս մասնակից Հ.-ի մասին էլ տեղեկանք էր տրված, որ նրա որդեգիրը հրաժարվել է նրանից, և Հ.-ի գտնվելու վայրը ներկայումս անհայտ է...